Կայանման կանոնների խախտումները Վրաստանում. վիճակագրություն

Անօրինական կայանման համար բյուջե վճարվող գումարի չափը ամեն ամիս ավելանում է։

Դրա մասին են վկայում Վրաստանի միասնական բյուջեի եկամուտների վերաբերյալ Պետական գանձարանի հրապարակած տվյալները։

Մասնավորապես, պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա միայն հուլիսին կայանման տուգանքներից բյուջե է մուտքագրվել 1 մլն 848 հազար լարի, մինչդեռ հունիսին վերոնշյալ պատժամիջոցներից բյուջեն համալրվել է 1 մլն 686 հազար լարիով, մայիսին՝ 1 մլն 358 հազար լարիով, ապրիլին՝ 726 հազար 854 լարիով, մարտին՝ 515 հազար 992 լարիով, փետրվարին՝ 689 հազար լարիով, իսկ հունվարին՝ 727 հազար 76 լարիով։

Պարզվում է, որ այս տարվա ընդամենը 3 ամսվա ընթացքում՝ մայիսին, հունիսին և հուլիսին, քաղաքացիների վճարած կայանման տուգանքները հասել են 5 միլիոն լարիի։

Ընթացիկ տարվա ընդհանուր տվյալներով, Վրաստանի միասնական բյուջեի եկամուտների համաձայն, 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին սխալ կայանման համար նշանակված տուգանքներից գանձարան է մուտքագրվել 7 մլն 588 հազար 944 լարի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 10 մլն 209 հազար 374 լարի։

Նշենք. 2022 թվականի աշնանից ի վեր կայանման կանոնների խախտման համար տուգանքներն աճել են և 10 լարիի փոխարեն դարձել 50 լարի։

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքներից ընդհանուր առմամբ բյուջե է մուտքագրվել 126 մլն 442 հազար 720 լարի, իսկ 2024 թվականի առաջին 7 ամիսներին՝ 129 մլն 381 հազար 145 լարի։