Այսօր Վրաստանի խորհրդարանը կբացի իր լիագումար նիստը։
Խորհրդարանը լիագումար նիստ կանցկացնի սեպտեմբերի 2-ին և 3-ին, որից հետո մեկամսյա ընդմիջում կհայտարարվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ խորհրդարանի կանոնակարգի համաձայն` խորհրդարանի լիագումար նիստերը դադարեցվում են խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ ամիս առաջ։
Հաղորդագրության համաձայն` աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը կնվիրվի կադրային հարցերին։ Դրանցից մեկն է, օրինակ, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի պաշտոնից Անրի Օխանաշվիլիի հրաժարականի ընդունումը և Մամուկա Մդինարաձեի նշանակումը։ Խորհրդարանը նաև որոշում կկայացնի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորների, որոնց մանդատները դադարեցվել են, իրավահաջորդների լիազորությունները ճանաչելու հարցի վերաբերյալ։
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի շրջանակներում քննարկման հիմնական թեմաներից են նաև ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացությունները։