Վրաստանի խորհրդարանը Մամուկա Մդինարաձեին ընտրել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար։ Որոշմանն աջակցել է 85 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել։
Նիստում քվեարկությունն անցկացվել է առանց հարցի քննարկման։ Մինչ այդ Մդինարաձեին լսել են Պաշտպանության և անվտանգության կոմիտեի փակ նիստում։ Նիստը փակ ռեժիմով անցկացնելու որոշումը կոմիտեի նախագահ Ալեքսանդրե Տաբատաձեն հիմնավորել է խորհրդարանական կանոնակարգով, և նիստի սկզբում նա միայն ասել է հետևյալը. «Կարող ենք ասել, որ ազգային անվտանգության հարցերը կլինեն հուսալի ձեռքերում»։
Կոմիտեի առաջարկությունն էր քվեարկել Մամուկա Մդինարաձեի թեկնածության օգտին՝ առանց այդ հարցը լիագումար նիստում քննարկելու. առաջարկը ներկայացվել էր բյուրոյի նիստում։ Հետևաբար, նրան ընտրեցին առանց որևէ բան լսելու ծառայության ղեկավարի ապագային միտված պատկերացումների և առաջնահերթությունների մասին։
Քվեարկությունից հետո վիճարկվող խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Մդինարաձեին խորհրդարանում իր կատարած աշխատանքի համար և մաղթել նրան նույն հաջողությունները ՊԱԾ ղեկավարի պաշտոնում, «քանի որ նա հաջողակ մեծամասնության առաջնորդ էր»։
«Ե՛վ ընկերները, և՛, ամենակարևորը՝ թշնամիները շատ լավ գիտեն, թե ինչ դեր է խաղացել Մամուկա Մդինարաձեն խորհրդարանում ընկերների բարօրության ու մեր թշնամիների վնասի համար։ Վստահ եմ, որ Մամուկա Մդինարաձեն կլինի Պետական անվտանգության ծառայության ակնառու ղեկավար և կամրապնդի այն անվտանգության համակարգը, որը Վրաստանը ստեղծել է տարիների ընթացքում, և որը թույլ է տալիս մեզ պահպանել խաղաղությունը, պահպանել բարգավաճման աճի տեմպերը, որոնք մենք ունենք տարածաշրջանային անորոշությունների և անկայունության պայմաններում, որոնց միջով անցնում է Վրաստանը», — ասել է Շալվա Պապուաշվիլին։
Նոր պաշտոնում ընտրվելուց հետո Մամուկա Մդինարաձեն խորհրդարանի շենքում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին և խոսել ծառայության առաջնահերթությունների և ծրագրերի մասին՝ ի պատասխան հնչած հարցերի։ Ճեպազրույցը հեռարձակվել է Պետական անվտանգության ծառայության Facebook Live-ով։
«Ուժեղ պետությանն անհրաժեշտ են ուժեղ անվտանգության ծառայություններ: Սա բնական բան է, մենք հաճախ չենք խոսում դրա մասին, բայց կարծում եմ՝ սա կլինի ամենաճիշտ պատասխանը: Վերջին տարիներին մեր երկիրը պնդում է, որ վրացական պետությունը միասնական, ինքնիշխան, անկախ երկիր է: Համապատասխանաբար, առանց ուժեղ անվտանգության ծառայությունների անհնար է նույնիսկ մոտենալ այս հավակնոտ նպատակին: Մենք սա հստակորեն, պարզորոշ ասել ենք ամբողջ աշխարհի առջև: Կարծում եմ՝ թիմի, ժողովրդի կողմից իմ խնդիրը կլինի ապահովել, որ այս երկիրն ունենա անվտանգության ծառայություն, որը համապատասխանում է այս նպատակին», — ասել է Մդինարաձեն:
Հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները
Մամուկա Մդինարաձեն երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներ է համարում «օկուպացիան, դրան ուղեկցող գործընթացները» և «արտաքին միջամտությունը»:
«Մենք երկիր ենք, որի տարածքի 20 տոկոսն օկուպացված է։ Այստեղ կան հսկայական մարտահրավերներ, և եթե այս ծառայությունը ղեկավարելու իմ ժամանակահատվածում այն սառույցը, որը պետք է դանդաղորեն հալվի և հալվում է` ինչպես տեսնում եք, և, ի վերջո, հանգեցնի երկրի միավորմանը, չկա մարդ, որը կասի, որ դժգոհ կլինի, և ես նրանց թվում եմ։ Սա հիմնական մարտահրավերներից մեկն է՝ օկուպացիան պետք է հաղթահարվի, և այս ծառայությունը շատ ներդրում կունենա այս ուղղությամբ, և օկուպացիայի հետևանքների դեմ պայքարը, որոնք շարունակական խնդիրներ են, նույնպես կլինի գերակա խնդիր»։
Խոսելով «արտաքին միջամտության» մասին՝ Մդինարաձեն ասել է, որ կան սադրիչ սպառնալիքներ, որոնցով «զբաղվելն» իր գործառույթն է։
«Մենք գիտենք, որ կա արտաքին միջամտություն, որը տասնյակ և հարյուրավոր դոլարներ կամ եվրոներ է ծախսում` ապահովելով սադրանքներ, և մենք պետք է հակադարձենք այդ սադրանքներին, կոչերին կամ երկիրը ապակայունացնելու հրահանգներին մեր կոշտ դիրքորոշմամբ, անվտանգության հարցերը կարգավորելով և անվտանգության ծառայությունները պատշաճ կերպով գործածելով»։
Մդինարաձեն` կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը կամրապնդվի։
«Մենք պետք է լուրջ արդյունքներ ունենանք, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, մի քանի տարի անց կոռուպցիան գործնականում ամբողջությամբ պետք է վերացվի այս երկրում, և մարդիկ պետք է հավատան, որ կարելի է լինել բարձրաստիճան պաշտոնյա և երբևէ չմասնակցել կոռուպցիոն գործարքի»։
Ինչո՞ւ է հրաժարական տվել Անրի Օխանաշվիլին
Մամուկա Մդինարաձեն չի պատասխանել այն հարցին, թե որն էր Անրի Օխանաշվիլիի հրաժարականի պատճառը։ Օխանաշվիլիի անունից հայտարարությունը ՊԱԾ-ն էր տարածել սոցիալական ցանցերում օգոստոսի 23-ին։
«Օխանաշվիլին այն մարդն է, որը պայքարում է այս երկրի համար 2016 թվականից ի վեր, դա մի պայքար էր, որտեղ մենք միասին ենք եղել որպես քաղաքական գործիչներ։ Այս պայքարում մենք ձեռք բերեցինք միմյանց վստահությունը։ Անրին միշտ կլինի այս թիմի հավատարիմ անդամը։ Դրանից բացի, ես չեմ ուզում խոսել դրա մասին, ես պետք է լինեմ այնպիսի ծառայության ղեկավար, որը բացահայտ չի խոսի նման հարցերի մասին», — պատասխանել է Մդինարաձեն։
Մամուկա Մդինարաձեն այդ պաշտոնում ընտրվել է վեց տարի ժամկետով։ Մինչ այդ Անրի Օխանաշվիլին հինգ ամիս ղեկավարել է Պետական անվտանգության ծառայությունը։ Նա ևս վեց տարի ժամկետով էր ընտրվել Պետական անվտանգության ծառայության ղեկավար։