Amnesty International-ը հայտարարություն է տարածել Վրաստանում ցուցարարների նկատմամբ վերջին դատավճիռների վերաբերյալ։
Կազմակերպությունը նշել է, որ արդարադատությունը չարաշահվել է այլախոհությունը ճնշելու նպատակով։
«Անդրո Ճիճինաձեի, Սաբա Սխվիտարիձեի և մյուսների դատավարությունները հստակ ցույց են տալիս, որ Վրաստանի կառավարությունը քրեական արդարադատությունն օգտագործում է ցուցարարներին պատժելու և այլախոհությունը լռեցնելու համար», — ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը։
Նա ասել է, որ դատավճիռները ոչ միայն ցուցարարներին պատժելու նպատակ են հետապնդում, այլև զրկում են իրական արդարադատությունից նրանց, ում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ենթարկել է խոշտանգումների և բռնության։
Ըստ Amnesty International-ի՝ Վրաստանի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն այդ դատավճիռները և ապահովեն արդար դատավարություն։
«Բացառապես խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրականացման համար բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն», — ասված է կազմակերպության սեպտեմբերի 3-ին հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք. վերջին երկու օրվա ընթացքում Թբիլիսիի քաղաքային դատարանը 21 ցուցարարի դատապարտել է ազատազրկման, այդ թվում 19-ին՝ ավազակախմբային բռնության մեղադրանքով։ Նրանք չեն ընդունում մեղքը և պնդում են, որ իրենց ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։