«Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր և ներկայում Սակրեբուլոյի անդամության թեկնածու Բեքա Օդիշարիան երեկ` սեպտեմբերի 3-ի հանրահավաքի ժամանակ վիրավորել և հայհոյել է լրագրողին և ցուցարարներին:
Ընդհարումը ցուցարարների և Օդիշարիայի միջև տեղի է ունեցել Մելիքիշվիլիի փողոցում՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի բացման միջոցառմանը զուգընթաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ։
Ֆեյսբուքում տարածված տեղեկությունների համաձայն, միջադեպից առաջ բողոքի ակցիայի մասնակիցներն Օդիշարիայի վրա ջուր են լցրել և ձու նետել։
Երբ ցուցարարներից մեկը նրան հայհոյել է, Օդիշարիան հակադարձել է նույն արտահայտությամբ:
Իսկ հետո, լրագրողների հարցերին արձագանքելով, նա շարունակել է վիրավորել: Այնուհետև նա հայհոյել է «Պուբլիկա» լրատվամիջոցի ֆոտոլրագրող Մինդիա Գաբաձեին` այն բանից հետո երբ լրագրողը նրան հարցրել է` հարբա՞ծ է, թե` ոչ։
Այս պահի դրությամբ ոչ Օդիշարիան, ոչ էլ «Վրացական երազանք» կուսակցությունը միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն արել։