Ինչու Վրաստանին չէին հրավիրել ԵՄ նախարարների հանդիպմանը

Դանիայի արտաքին գործերի նախարարությունից ուկրաինական «Європейська правда» լրատվամիջոցին հայտնել  են Վրաստանի պատվիրակությանը Եվրամիության նախարարական հանդիպմանը չհրավիրելու պատճառը։

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը կայացել է սեպտեմբերի 2-ին Կոպենհագենում, որին ներկա էին նաև ԵՄ անդամակցության թեկնածու պետությունների արտգործնախարարները։

Դանիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանմամբ՝ Վրաստանի պատվիրակությանը նիստին հրավիրելն իմաստ չուներ՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը կասեցրել էր Եվրամիությանն ինտեգրման գործընթացը։

«2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Այս պայմաններում Դանիան համարում է, որ Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակով նախարարական հանդիպմանը հրավիրելն անիմաստ է»,— «Європейська правда»-ի թղթակցին հայտնել են Դանիայի արտաքին գործերի նախարարությունից։