Մկրտության տոն Աղքյորփիում. լուսանկարներ

Մոմեր, խաչեր, աղոթագիրք, կաթսայով լի ջուր, Սուրբ Հաղորդություն ու օրվա գլխավորը՝ Սուրբ Մյուռոնը Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն զգուշորեն դասավորում է գյուղական տան պատշգամբում դրված սեղանին ու իր կողմը կանչում հավաքվածներին։

Օրը հատուկ է Թբիլիսիից շուրջ 100 կմ հեռավորության վրա գտնվող Մառնեուլիի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղում։

Մկրտվելու է Այգումյանների ընտանիքը։ Հուզմունքը շատ է, օրվան երկար են սպասել, պատրաստվել են սիրով։

«Մեզ համար այս մկրտությունը մեծ նշանակություն ունի: Ցանկություն միշտ եղել է, բայց հնարավորություն չենք ունեցել, մինդեռ այսօր այսպիսի օրհնության արժանացանք Թբիլիսիի քահանայի կողմից», — հուզմունքը զսպելով ասում է Ամալյա Այգումյանը։

Ամալյայի, նրա որդու՝ Արմենի և դստեր՝ Արմինեի մկրտությունը հնարավոր եղավ Վիրահայոց թեմի և հավատացյալների օգնությամբ, նվիրաբերմությամբ և Տեր Մանուկ քահանայի կամքի շնորհիվ: Իսկ Տեր Հայրն այստեղ նորեկ չէ։

Մկրտության միտքն էլ ամիսներ առաջ է ծնվել, երբ դեռ փետրվարին Տեր Հոր նախաձեռնությամբ Աղքյորփիում անցկացվեց Հարիսայի ամենամյա փառատոնն ու քահանան գյուղացիներին հարիսա բաժանելուց հետո, այցելեց նաև գյուղում առողջական խնդիրներ ունեցող բնակիչներին, հյուրասիրեց հարիսայով և աղոթք կարդաց նրանց բժշկության համար: Հենց այդ ժամանակ էլ ծանոթանալով տիկին Ամալյայի հետ ու իմանալով, որ նրա ընտանիքի անդամները մկրտված չեն, խոստացավ ուղղել սխալը։

Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն իր կանոնների, որոնք գրվել են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից և Սուրբգրային հիմքեր ունեն: Մկրտության խորհրդի կատարումը՝ «Մկրտվել»-ը նշանակում է լվացվել, մաքրվել:

Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մյուռոնով օծելով, դրոշմում (կնքում) է մկրտվածի մարմնի ինը մասերը։

Ծիսակատարության վերջում քահանան օրհնեց մկրվածներին.

«Խաղաղությո՜ւն քեզ, ո՜վ Աստծո օրհնյալ: Խաղաղությո՜ւն քեզ, ո՜վ Աստծո օծյալ»,- այնուհետև  Սուրբ Հաղորդություն տալով՝ ավարտեց ծեսը։

Հիշեցնենք, որ դեռևս Հարիսայի փառատոնի ժամանակ «Ալիք մեդիային»  Տեր Մանուկն ասել էր, որ Աղքյորփին իր ամենասիրելի գյուղերից է և այս տարածքի հետ կապված դեռ շատ ծրագրեր ունի:

manuk1 manuk2 manuk4 manuk5 manuk6 manuk8 voter manuk7

Թողնել պատասխան