«Ինտելեկտ» հրատարակչության «Վրացական գրություն» ամսագրի նոր համարը լույս է տեսել Batumelebi/Netgazeti հիմնադիր, քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելիի լուսանկարով: Խմբագրակազմը շապիկի ընտրությունը բացատրում է որպես խորհրդանշական քայլ՝ նշելով, որ Ամաղլոբելիի գործը վկայում է Վրաստանում խոսքի ազատության և արդարադատության ճնշումների մասին։
Ամսագրի խմբագիրների՝ Իրակլի Կակաբաձեի և Զվիադ Կվարացխելիայի նամակում ասված է, որ Վրաստանում խոսքի ազատությունն ու արդարադատությունը հալածվում են:
Մզիա Ամաղլոբելին շատերին հայտնի է որպես լրագրող, որը ստեղծել է տարածքներ, որտեղ հնարավոր է քննադատել կառավարությանը և անկեղծորեն խոսել հասարակության խնդիրների մասին: Սկզբում կար Batumelebi թերթը, ապա՝ Netgazeti առցանց լրատվամիջոցը: Երկուսն էլ դարձան անկախ լրագրության օրինակ այն երկրում, որտեղ լրատվամիջոցների համար միշտ չէ, որ հեշտ է եղել աշխատել:
«Մզիա Ամաղլոբելին մեզ համար արժեքավոր քաղաքացի և անձնավորություն է բազմաթիվ պատճառներով, բայց առաջին հերթին այն պատճառով, որ նա ճնշված մարդկանց, հատկապես կանանց ձայնն էր, որոնց պատմությունները հաճախ անտեսանելի էին մնում: Նա օգնում և պաշտպանում էր նրանց, ովքեր ձայն չունեին, և որոնց ցավը երբեք չէր հասնի լայն հանրությանը և առավել ևս՝ անզգա, կույր և սահմանափակ մտածողությամբ պետական պաշտոնյաներին, եթե չլինեին իր քրտնաջան աշխատանքը և պրոֆեսիոնալիզմը:
Տարիներ շարունակ անարդարությունը լուսաբանող լրագրողը և խմբագիրը այժմ հայտնվել է համակարգի թիրախում: Նրա անօրինական և անարդար պատիժը ոչ միայն ազդում է նրա անձնական ճակատագրի վրա, այլև հարված է բոլոր նրանց, ովքեր երբևէ կարիք են ունեցել Մզիայի ձայնին, առանց որի` ոչ ոք չէր լսի իրենց:
Մզիան խղճի գերի է դարձել: Այս գնահատականը հիմնված է ոչ թե հույզերի, այլ փաստերի, նրա մասնագիտական ուղու, գործի հանգամանքների և նրա ձերբակալությանը հաջորդած արձագանքների վրա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։», — նշել են խմբագիրները:
Ամսագրի խմբագիրները հիշեցնում են, որ անկախ լրագրության վրա ճնշումները խաթարում են ոչ միայն առանձին լրագրողների ճակատագրերը, այլև երկրի ժողովրդավարական ապագան։ Նրանց խոսքով՝ Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությունը շարունակությունն է այն գործընթացի, որով իշխանությունները փորձում են լռեցնել անկախ լրատվամիջոցները։
Ամաղլոբելիի հիմնադրած Batumelebi-ն և Netgazeti-ն արդեն իսկ հայտարարել են, որ նրան համարում են «ռուսական ռեժիմի խղճի բանտարկյալ» և պահանջում են նրա անհապաղ ազատ արձակումը։ Խմբագրակազմը նաև շեշտել է, որ անկախ մամուլը մտադիր չէ զիջումների գնալու և չի գրանցվելու «արտաքին ազդեցության թափանցիկության» նոր ընդունված օրենքով ստեղծված գրանցամատյանում։
Ամսագրի նոր համարը կսկսի վաճառվել սեպտեմբերի 19-ից։
Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելին, որ համարվում է Վրաստանի առաջատար լրագրողներից մեկը, ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 12-ին։ Օգոստոսի 6-ին Բաթումիի քաղաքային դատարանը նրան դատապարտեց երկու տարի ազատազրկման՝ 353-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է հասարակական կարգի պաշտպանի նկատմամբ դիմադրությանը կամ բռնությանը։ Սկզբում նա մեղադրվում էր ավելի խիստ հոդվածով (353-րդ Պրիմա), որը նախատեսում էր 4–7 տարի ազատազրկում, սակայն դատավոր Նինո Սախելաշվիլին մեղադրանքը վերաորակեց։ Դատավճիռը մեծ հակազդեցություն առաջացրեց․ դատարանի դիմաց տեղի ունեցան բողոքի ակցիաներ, իսկ ԵՄ-ն ու ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտեցին դատավճիռը՝ դա համարելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և կոչ արեցին անհապաղ ազատ արձակել լրագրողին։ ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ Ամաղլոբելին դարձել է մամուլի ազատության ու կառավարության ճնշումների դեմ դիմադրության խորհրդանիշ։ 2025 թվականին նա նաև ներառվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի կարճ ցուցակում՝ ուկրաինացի և ադրբեջանցի լրագրողների հետ միասին։