Հանրագիր է ստեղծվել ի երախտագիտություն Գերմանիայի

Գերմանիային երախտագիտություն և դեսպան Պիտեր Ֆիշերին համերաշխություն հայտնելու նպատակով Վրաստանի քաղաքացիական և ակադեմիական հասարակությունը հանրագիր է նախաձեռնել։

Մինչ օրս հանրագիրը ստորագրել է 173 մարդ։

Հանրագիրն ստորագրողները կոչ են անում «Վրացական երազանք»-ին հետևել դիվանագիտական ​​​​արարողակարգին, դադարեցնել օտարերկրյա դիվանագետների դեմ հարձակումները և ճանաչել Գերմանիայի ներդրումը երկրի զարգացման գործում։

«Մենք՝ Վրաստանի քաղաքացիական և ակադեմիական հասարակության ներկայացուցիչներս, մեծ մտահոգությամբ ենք հետևում Գերմանիայի դեսպան պարոն Պիտեր Ֆիշերի դեմ վերջերս սանձազերծած հրապարակային հարձակումներին։

Մենք լավ գիտենք, որ Գերմանիան աջակցում է մեր երկրին մի շարք կարևոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական»,- գրել են հանրագրի կազմակերպիչները։

Նշենք, ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել էր, որ Գերմանիայի դեսպանի աջակցությամբ «տիտուշկաները» հարձակվել են Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի Կախա Կալաձեի նախընտրական շտաբի վրա։

Հիշեցնենք. Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել էր, որ դատապարտում է Գերմանիայի դեսպանի հասցեին ուղղված «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը։