GYLA-ն գոյության 31 տարում առաջին անգամ չի կարողանա հետևել ընտրություններին

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտարարել է, որ կազմակերպության 31-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակված ընտրություններին չի կարող հետևել ավանդական դիտորդական առաքելությամբ։

«GYLA»-ի տարածած հայտարարությունում ասված է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին նախատեսված Տեղական ինքնակառավարման ընտրություններն անցկացվելու են Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենաբարդ և ծանր քաղաքական ու իրավական պայմաններում։

«Երկրում ժողովրդավարության հետընթացը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիայի դեմ իրականացվող ռեպրեսիվ քաղաքականությունը, սահմանափակող օրենքների ընդունումը, նաև ընտրական օրենսդրությամբ դիտորդի իրավական շրջանակի վատթարացումը մեզ համար գործնականում անհնարին է դարձնում լիարժեք դիտորդական առաքելության ձևավորումն ու ընտրություններին հետևելը»,- ասված է «GYLA»-յի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում եվրոպական երկրներից գրեթե չեն ժամանի դիտորդական առաքելություններ, իսկ ներկայացված երկրներն էլ աչքի են ընկնում իրենց ավտորիտար կառավարման համակարգերով։