Որ կուսակցություններն են մասնակցում ՏԻՄ ընտրություններին

Վրաստանում հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 12 կուսակցություն։ Հիմնական ընդդիմադիր կուսակցություններից միայն «Լելո»-ն և «Գախարիան՝ Վրաստանի համար»-ն են դրանց թվում։

Մնացած ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունները բնորոշել են որպես «հատուկ գործողություն», որի նպատակն է «Վրացական երազանք»-ի կառավարության լեգիտիմացումը, և բոյկոտի կոչ են արել քաղաքական ուժերին։ Նրանք նախատեսում են ընտրությունների օրը Թբիլիսիում մեծ հանրահավաք անցկացնել։

Ընտրություններին մասնակցելու համար նախապես գրանցվել էր 17 կուսակցություն, բայց սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թարմացված տվյալների համաձայն՝ գրանցված կուսակցություններն են.

(3) «Պահպանողականներ Վրաստանի համար»,

(1) «Հայրենիք, լեզու, հավատք»,

(14) «Ժողովրդական կառավարություն»,

(9) «Հզոր Վրաստան – Լելո»,

(25) «Գախարիան Վրաստանի համար»,

(41) «Վրացական երազանք»,

(36) «Գիրչի»,

(11) «Վրաստան»,

(8) «Վրաստանի հայրենասերների դաշինք»,

(12) «Կանաչների կուսակցություն»,

(5) «Մեր միասնական Վրաստան»,

(7) «Ազատ Վրաստան»:

Հատկանշական է, որ երկու խոշոր քաղաքական կուսակցությունները, որոնք 2024 թվականին ընդդիմադիր կուսակցությունների շարքում ցույց տվեցին լավագույն արդյունքները, կորցրին ընտրացուցակի իրենց համարը։ Պատճառն այն է, որ նրանք հրաժարվեցին մասնակցել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Ընտրացուցակի համարը կորցրել են.

  • «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որ ավելի քան 20 տարի հանդես է եկել ընտրացուցակի 5-րդ համարով,
  • «Փոփոխությունների համար» կոալիցիան վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի 4-րդ համարն էր։

Ըստ ԿԸՀ-ի՝ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է ինը թեկնածու։ Նրանց թվում են «Վրացական երազանք»-ի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն, որը պայքարում է երրորդ ժամկետով, «Լելո-Ուժեղ Վրաստան» և «Գախարիա Վրաստանի համար» կուսակցությունների համատեղ թեկնածու Իրակլի Կուպրաձեն, «Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիան և «Պահպանողականներ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Զուրաբ Մախարաձեն։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների գրանցումն ավարտվել է ընտրություններից մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 4-ին:

«Վրացական երազանք»-ը քաղաքապետի պաշտոնի համար մրցակից չունի հետևյալ քաղաքներում՝ Գուրջաանի, Սագարեջո, Դեդոփլիսծկղարո, Լագոդեխի, Կղվարելի, Թիանեթի, Գարդաբանի, Դմանիսի, Ծալկա, Թեթրիծկղարո, Ախալցիխե, Ադիգենի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա, Օնի, Ամբրոլաուրի, Ծագերի, Մեստիա, Սաչխերե, Թիանեթի, Գարդաբանի, Սաչխերե, Բաղդաթի, Վանի, Տկղիբուլի, Աբաշա, Մարտվիլի, Փոթի։

Սոցիոլոգ Յագո Կաչկաչիշվիլին հրապարակել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի (ISSA) անցկացրած վերջին հարցման արդյունքները։

Հարցման արդյունքներով՝ եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունների ընտրողների բացարձակ մեծամասնությունը դեմ է ընդդիմության մասնակցությանը տեղական ընտրություններին։

Մասնավորապես, եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունների ընտրողների դիրքորոշումները բաշխվել են հետևյալ կերպ.

  • 43.3%՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները պետք է բոյկոտեն տեղական ընտրությունները;
  • 26.2%՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները պետք է մասնակցեն տեղական ընտրություններին միայն այն դեպքում, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն դրանից առաջ կամ դրա հետ միասին;
  • 20.5%՝ ընդդիմադիր կուսակցությունները պետք է մասնակցեն տեղական ընտրություններին անկախ այն հանգամանքից` արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն, թե` ոչ։

Այնուամենայնիվ, Վրաստանի բնակչության մեծ մասը (45.5%) կողմ է ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությանը տեղական ընտրություններին։ 38.1%-ը կարծում է, որ ընդդիմությունը պետք է բոյկոտի տեղական ընտրությունները կամ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան։