Կալաձեն մայրաքաղաքի գլխավոր թշնամին է. Իրակլի Կուպրաձե

«Թբիլիսիի ամենակոռումպացված քաղաքապետ Կախա Կալաձեն դարձել է մայրաքաղաքի գլխավոր թշնամին. նա ոտնահարում է թբիլիսցիների շահերը։ Նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այն հանցագործությունների համար, որոնք գործել է տեղի բնակիչների նկատմամբ», – հայտարարել է «Լելո – ուժեղ Վրաստանի» և «Գախարիան Վրաստանի համար» դաշինքի ներկայացրած քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեն։

Նրա խոսքով՝ Նաձալադևիի թաղամասում, բնակելի շենքերից մեկից մեկ մետր հեռավորության վրա կառուցվել է 16-հարկանի շենք, որի սեփականատերը եղել է Սամտրեդիայիում Կալաձեի շտաբի ղեկավար Ավթանդիլ Թևզաձեն։

Իրակլի Կուպրաձեն նշել է, որ Նաձալադևիի շրջանում` Կիկվիձեի այգու մոտ, իրականացվել է կոռուպցիոն ծրագիր։ Ըստ նրա` քաղաքապետ Կախա Կալաձեն և նրա թիմը աջակցում են Ավթանդիլ Թևզաձեին, որը նախկինում ղեկավարել է Կալաձեի շտաբը, և որի շահերի պատճառով խախտվել են տեղացիների շահերը։ Կուպրաձեն մատնանշել է, որ 16-հարկանի շենքը կառուցվել է անմիջապես բնակելի շենքի կողքին, և բնակիչների ժողովների արձանագրությունները 2019 թվականին կազմվել են ապօրինաբար, այդ թվում` օգտագործվել են հանգուցյալների ստորագրություններ։ Նա պնդել է, որ դա քրեական հանցագործություն է, և պատասխանատուները Կալաձեն ու նրա կոռումպացված թիմն են։ Կուպրաձեն նաև նշել է, որ քաղաքում կան բազմաթիվ վթարային շենքեր, որոնց պատասխանատվությունը ևս կրում է քաղաքապետարանը։

«Մեր շուրջը կան երրորդ և չորրորդ կատեգորիայի վթարային շենքեր, որոնց համար պատասխանատու են բացառապես քաղաքապետարանն ու իշխանությունը, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն հանցագործությունների համար, որոնք իրականացվել են տեղի բնակիչների նկատմամբ», – հայտարարել է Իրակլի Կուպրաձեն։

Հիշեցնենք, որ Կուպրաձեն 2019 թվականից «Լելո»-ի անդամ է։ Այժմ նա «Լելո – Ուժեղ Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղարն է։