Ռուսականացումն այլընտրանք չէ. խորհրդարանում Զուրաբիշվիլիի ելույթն՝ ամփոփ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ փետրվարի 6-ին, խորհրդարանին է ներկայացրել երկրի վիճակի կարևորագույն հարցերի վերաբերյալ տարեկան զեկույցը։

Ռուսականացման ուղին այլընտրանք չէ

Նրա ելույթի զգալի մասը նվիրված էր եվրաինտեգրմանը։ Նախագահը քննադատել է կառավարությանը հակաարևմտյան հռետորաբանության և Ռուսաստանի նկատմամբ իշխանության դիրքորոշման մեղմացման համար։ Նախագահը խոսել է նաև երկրի կառուցման գործում երիտասարդության առանձնահատուկ դերի մասին։

«Եվրոպական կողմնորոշումը կանգնած էր որոշակի մարտահրավերի առաջ՝ սկզբում մեր դարավոր ընթացքն աննկատ, իսկ հետո ավելի հստակ փոխեց իր շեշտադրումները. հակաեվրոպական ու հակաարևմտյան արձագանքները մարգինալ քաղաքական շրջանակներից տեղափոխվեցին պաշտոնական հռետորաբանություն։ Փոխարենը` Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները զգալիորեն մեղմացան։

Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա սրումը, միջազգային պատժամիջոցների հարցում ԵՄ-ից և ԱՄՆ-ից հանրային հեռավորությունն ամենակարևոր պահին հարցեր առաջացրին մեր արտաքին կողմնորոշման հաստատակամության վերաբերյալ։ Շփոթեցնող հռետորաբանությամբ և քայլերով մենք վտանգի տակ ենք դրել եվրաինտեգրման համար մեր ունեցած հսկայական աշխատանքն ու ձեռքբերումները»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ, չնայած այդ մարտահրավերներին, Վրաստանը հաղթել է և ստացել թեկնածուի կարգավիճակ։

Նրա խոսքով, հասարակությունը չհուսահատվեց, պայքարեց ու պաշտպանեց սեփական ապագան. «Ժողովրդի սկզբունքայնությունը ներսից և դրսից բոլորին ապացուցեց, որ եվրոպականության մեր հավակնությունը հիմնավոր է, և վրաց ժողովրդի ոգին անսասան է այդ նպատակի նկատմամբ։ Իսկ մեր հասարակությունը համոզվել է, որ ունի ուժ և կարող է հասնել իր նպատակին»:

Զուրաբիշվիլիի կարծիքով` աբխազական լեզուն և մշակույթը կլինեն ամենապաշտպանվածը եվրոպական տարածքում։ Նա խոսել է նաև փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին. «Եվրոպան նաև նշանակում է անկախության ամրապնդում. եվրոպական ընտանիքն անփոխարինելի տարածք է, որտեղ կպաշտպանվեն և կներկայացվեն մեր ինքնությունը, մշակույթը և արժեքները… Եվրոպան այն տարածքն է, որտեղ ազատ ազգերը, բազմաթիվ լեզուներ, փոքրամասնություններ, տարածաշրջաններ, բազմազան մշակույթն ու ինքնությունը պաշտպանված են հավասարությամբ և օրենքով»:

Առաջին անգամ՝ ԵՄ թեկնածու երկրի նախագահ

«Այսօր ես ոչ թե վերջին անգամ եմ կանգնած խորհրդարանի ամբիոնի մոտ, այլ առաջին անգամ եմ այս ամբիոնի մոտ կանգնած՝ որպես ԵՄ թեկնածու երկրի նախագահ։ Շնորհավորում եմ բոլորին այս մեծ հաղթանակի կապակցությամբ,- ասել է նախագահը։

Զեկույցի առաջին մասում Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մասին և ընդգծել Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմը. «Մարտահրավերները դիպել են անվտանգության ոլորտին: Ուկրաինայում Ռուսաստանի սկսած անխնա պատերազմը շարունակվում է։ Ռուսաստանը չկարողացավ կոտրել Ուկրաինային, ավելին՝ չկարողացավ խաթարել Եվրոպայի միասնությունն ու համերաշխությունը, նույնիսկ՝ ամրապնդեց այն։ Չնայած ձախողմանը, կամ` հենց դրա պատճառով, Ռուսաստանը նոր հիբրիդային պատերազմ (պատերազմ առանց պատերազմի) հարձակումներ ձեռնարկեց Վրաստանի դեմ, որի համար նա օգտագործում է բոլոր ձևերն ու զենքերը»:

Նախագահը Վրաստանի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի գործողությունները գնահատել է որպես անեքսիայի ուղղությամբ քայլ. «Օչամչիրեի նավահանգիստը ռազմաբազայի վերածելու Ռուսաստանի ծրագիրը ծառայում է առճակատումը դեպի Սև ծով, մեր տարածքային ջրեր տեղափոխելու և դրանով իսկ սպառնալիք ստեղծելու Սև ծովի ռազմավարական հեռանկարի համար։ Օկուպացված տարածքներում մոբիլիզացիայի հայտարարումը, անեքսիայի ուղղությամբ ձեռնարկված քայլերը մարդու իրավունքների անտեսում են, մշակույթի և ինքնության ոչնչացում»:

Վրաստանի նախագահն անդրադարձել է օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանություններին։ Նա նաև մատնանշել է Ռուսաստանի հիբրիդային ռազմավարությունը։

Ռուսաստանցիների զանգվածային ներգաղթը հիբրիդային պատերազմի տարր է

«Պետական ​​մասշտաբով հակաարևմտյան և կեղծ միաձայն քարոզչություն, ռուսամետ խմբավորումների խրախուսում/ֆինանսավորում, պետական ​​կառույցների վրա կիբերհարձակումների ավելացում»,- ասել է նախագահը՝ ակնարկելով այն մասին, թե ինչ կարելի է սպասել առաջիկա ընտրություններից:

Ըստ նրա՝ հիբրիդային պատերազմի կատեգորիան ներառում է զանգվածային ռուսական ներգաղթ, որն անմիջական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա և ընդհանուր առմամբ մեծացրել է երկրի կախվածությունը ռուսական փողից և շուկաներից, ինչպես նաև ռուսական կապիտալի մասնաբաժինը երկրում:

Ժողովրդավարությունը՝ մարտահրավերների առաջ

Նրա խոսքով, 2023 թվականին, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն, վրաց ժողովրուրդը տեսել է իշխանության աննախադեպ հզորացում, որն արտահայտվեց «ռուսական օրենքի» նախաձեռնմամբ, ինչը, ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությանը ճնշելու, զինաթափելու փորձ էր։

Նախագահը՝ որպես ժողովրդավարության վատթարացման փաստարկ, մատնանշել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության կարգը և վերջապես՝ իրեն, նախագահին իմպիչմենտի ենթարկելու փորձը. «Վերջինս ցույց տվեց ոչ միայն նախագահական ինստիտուտի անկախության անընդունելիությունը, այլև՝ սահմանադրական դատարանի անմխիթար վիճակը»:

Նախագահն ասել է. «Էլիտար կոռուպցիան ստացել է նոր մասշտաբներ, ինչը ցույց է տալիս, որ էլիտայի ախորժակը սահմաններ չունի, և իրականում ոչինչ չի վերահսկվում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»: Զուրաբիշվիլիի խոսքով, անկախությունից հետո ոչ մի կառավարություն չկարողացավ ուժ և կամք գտնել իշխանության մոնոլիտն ամբողջությամբ քանդելու և ուժերի ժողովրդավարական հավասարակշռությունը վերականգնելու համար։ Այս համատեքստում նա նշել է նաև «դատական ​​կլանը»:

Զեկույցի այս հատվածում Վրաստանի նախագահը նշել է ընդդիմությանը ճնշելու ցանկության և նրանց վրա «պիտակներ կարելու» իշխանության փորձը. «Այս համակարգին բնորոշ է ընդդիմությանը ճնշելու ցանկությունը, համակարգին ոչ քաղաքական մրցակից, ոչ էլ քննադատական ​​կարծիք պետք չէ, ուստի ցանկացած այլընտրանք ինքնաբերաբար դիվահարվում է, այսինքն՝ պիտակվում է որպես դավաճան, գործակալ, արմատական»:

Ի դեպ, երկրի վիճակի կարևորագույն հարցերի վերաբերյալ նախագահի տարեկան զեկույցից հետո խորհրդարանում ելույթ են ունենում խմբակցությունների նախագահներն ու խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։ Սկզբում ելույթ են ունենում ամենափոքր խմբակցությունների նախագահները, հետո` ամենամեծ խմբակցությունների նախագահները, իսկ վերջում՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։ Յուրաքանչյուր ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Ելույթներից հետո Վրաստանի նախագահն իրավունք ունի հանդես գալու եզրափակիչ ելույթով։