Վարչապետի թեկնածուի կինը կազատվի աշխատանքից

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ, այժմ վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի խոսքով, իր կինը՝ Նատալիա Մոծոնելիձեն, կդադարի աշխատել Հանրային և մասնավոր համագործակցության գործակալությունում:

«Շահերի բախում չի լինի: Օրենսդրությունը նախատեսում է համապատասխան միջոցներ: Սակայն, եթե նույնիսկ դա նախատեսված չլիներ, բոլոր տեսակի ֆորմալ կամ ոչ ֆորմալ շահերի բախումները կբացառվեին»,- ասել է Կոբախիձեն: Ճշտող հարցին՝ արդյոք իր ընտանիքի անդամը կհրաժարվի՞ պաշտոնից, Կոբախիձեն պատասխանել է՝ իհարկե։

Ի դեպ, radiotavisupleba.ge լրատվականը գրել էր, որ Նատալիա Մոծոնելիձեն պետական գործակալություն է ղեկավարում, որը հաշվետու է Վրաստանի վարչապետին: Ապագա վարչապետի տիկնոջ աշխատավայրի մասին տեղեկությունը կարելի է ճշտել ոչ միայն Հանրային և մասնավոր համագործակցության գործակալության կայքում, այլև՝ նրանց հրապարակած հայտարարագրերում։

Կառավարությունն այդ գործակալությունը ստեղծել է 2018 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ երկրի վարչապետն էր Մամուկա Բախտաձեն։ Գործակալությունն իր ստեղծման օրվանից ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին. հենց նա է նշանակում և ազատում գործակալության նախագահներին։ Նատալիա Մոծոնելիձեն 2019 թվականի հունիսից գործակալությունում աշխատել է որպես փոխնախագահ, իսկ նոյեմբերին դարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր այժմյան ընդդիմադիր Գիորգի Գախարիան: Նրան փոխարինելուց հետո՝ արդեն նախկին վարչապետ և այժմ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության օրոք, Նատալիա Մոծոնելիձեն նշանակվել է գործակալության ղեկավար:

Կոբախիձեն վերջին հայտարարագիրը լրացրել է 2024 թվականի հունվարի 31-ին։ Ըստ հայտարարագրի՝ ինքը և իր կինը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի գործընկերներ են. Կոբախիձեն պրոֆեսոր է, իսկ կինը՝ դոցենտ։ Նույն փաստաթղթի համաձայն, Մոծոնելիձեն Կոբախիձեից ավելի շատ եկամուտ ունի։

Ի դեպ, փետրվարի 1-ին «Վրացական երազանք»-ը Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել Կոբախիձեին։ Նրա գլխավորած նախարարների կաբինետի օգտին խորհրդարանը կքվեարկի փետրվարի 8-ին։

Վարչապետի թեկնածուն Իրակլի Կոբախիձեն է