Վարչապետի թեկնածուն Իրակլի Կոբախիձեն է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության արդեն նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեին։

Կուսակցության կանոնադրության համաձայն, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին թեկնածուին ներկայացրել է քաղխորհրդին, որն ընդունել է այդ առաջարկը։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին վարչապետի պաշտոնում ինձ թեկնածու առաջադրելու և հայտնած վստահության համար»,- այս խոսքով է սկսել իր ելույթը Իրակլի Կոբախիձեն։

Մինչ օրս Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի նախագահն էր։ Նրան այս պաշտոնում փոխարինել է արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին հունվարի 29-ին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Ավելի վաղ ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան հայտարարել էր սպասվող կադրային փոփոխությունների մասին։ Հրաժարականից մի քանի ժամ առաջ տեղեկությունը հաստատել է նաև իշխանամետ «Իմեդի»-ն։

Դեկտեմբերի 30-ին, երբ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երրորդ անգամ վերադարձավ քաղաքականություն, փոփոխություններ կատարվեցին «Վրացական երազանք» կուսակցության կանոնադրության մեջ։ Նա ընտրվել է պատվավոր նախագահի պաշտոնում, և հենց նրան է տրվել թեկնածու առաջադրելու իրավունքը։

Այս թեմայով կարդացեք նաև.

Վրաստանը՝ նոր վարչապետի սպասումով՝ այստեղ:

Փոփոխություններ կառավարությունում. ինչ սպասել՝ այստեղ: