Քննարկվել է երկրի ներուժը էներգետիկ ոլորտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ֆրանսիական EDF էներգետիկ ընկերության փոխնախագահ, միջազգային տնօրեն Բեատրիս Բուֆոնի հետ, տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Վրաստանի կառավարությունում կայացած հանդիպմանն ուշադրություն է դարձվել Վրաստանում վստահելի և բարենպաստ գործարար միջավայրին։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է երկրի ներուժը էներգետիկ ոլորտում։ Նշվել է, որ այս առումով Վրաստանը զարգացման ակտիվ փուլում է։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել էներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վրա։ Այստեղ ընդգծվել է ժամանակակից, թափանցիկ և մրցունակ էներգետիկ շուկայի կարևորությունը։

«EDF-ն պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Վրաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում, հիմնականում հիդրոէլեկտրակայաններում, ինչպես նաև հետաքրքրություն է ցուցաբերել հողմային և արևային նախագծերի նկատմամբ։

Իրակլի Ղարիբաշվիլին Բեատրիս Բուֆոնին հայտնել է Վրաստանի կառավարության համագործակցելու պատրաստակամությունը ֆրանսիական էներգետիկ ընկերության հետ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շերազ Գասրին, ֆրանսիական էներգետիկ ընկերության՝ EDF Եվրասիայի տնօրեն Մարկ Ժիրարը, ծրագրի ղեկավար Սեդրիկ Լավիսիերը և Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։