Մի շարք պետական-քաղաքական պաշտոնյաներ հնարավորություն կունենան ստանալու աշխատավարձի հավելավճար և դրամական պարգևատրում։ Այդ պաշտոնյաներն են՝ նախարարների տեղակալները, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների կառավարության անդամների տեղակալները, լիազոր ներկայացուցիչների (նահանգապետերի) տեղակալները և քաղաքապետերի տեղակալները։
«Ինտերպրեսնյուզ» լրատվամիջոցի տեղեկությամբ՝ համապատասխան նախաձեռնությամբ խորհրդարանին է դիմել կառավարության աշխատակազմը։ Փոփոխությունները կկատարվեն «Հանրային հաստատություններում աշխատանքի վարձատրության մասին» օրենքում։
Գործող օրենքով՝ պետական և քաղաքական պաշտոնյաներին աշխատավարձի հավելավճար և դրամական պարգևատրում չեն տրվում։ Հավելավճարի և պարգևատրման տրամադրման հնարավորությունը սահմանափակված է ինչպես կառավարության անդամների, պետական լիազորների ու քաղաքապետերի, այնպես էլ նրանց տեղակալների համար։
Օրենքում նախատեսվող փոփոխություններով՝ աշխատավարձի հավելավճարը կտրվի արտաժամյա աշխատանքի կամ լրացուցիչ գործառույթների կատարման համար, այդ թվում՝ գիշերային ժամերին, հանգստյան ու տոն օրերին և առողջության համար ռիսկային աշխատանքային պայմաններում գործունեության համար։ Հավելավճարը կտրվի վերադաս պաշտոնյայի որոշմամբ՝ օրենքով սահմանված առավելագույն չափի և համապատասխան բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում։
Դրամական պարգևատրումն, ըստ օրինագծի, կարող է տրվել գործառույթների բծախնդիր և օրինակելի կատարման, երկարամյա և բարեխիղճ ծառայության, հատուկ բարդության կամ կարևորության հանձնարարականների կատարման համար։ Հավելավճարի նման, դրամական պարգևատրումը ևս կտրվի վերադաս պաշտոնյայի որոշմամբ՝ օրենքով սահմանված առավելագույն չափի և բյուջետային միջոցների սահմաններում։
«Փոփոխություններով նախատեսված անձանց շրջանակը կարևոր գործառույթ է իրականացնում գերատեսչությունների ղեկավարների սահմանած խնդիրների պատշաճ կատարման գործում։ Հենց նրանց վրա է ընկած սահմանված առաջնահերթությունների կատարման հիմնական բեռը։ Նշված անձանց նյութական խթանման հնարավորությունը կլինի նրանց աշխատանքի խրախուսման կարևոր լծակ։ Այս փոփոխությունների իրականացումը նաև կնպաստի գերատեսչությունների գործունեության առանձին ուղղությունների արդյունավետության բարձրացմանը և խրախուսմանը»,- նշված է օրինագծի պարզաբանման մեջ։