Ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին կկայանան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Արդեն հայտնի է, որ ընդդիմության մի մասը բոյկոտում է այս ընտրությունները և դեմ է մասնակցությանը, իսկ մյուս մասի կարծիքով` այս ընտրությունները որոշիչ են Վրաստանի համար, և մասնակցությունը կարևոր է։
«Լելո — Ուժեղ Վրաստան» և «Գախարիա Վրաստանի համար» կուսակցություններն այն երկու խոշոր ընդդիմադիր ուժերն են, որոնք մասնակցելու են այս ընտրություններին։ Չնայած սրան, հատկանշական է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Քվեմո Քարթլիի շրջանում գրանցվել է մի քանի դեպք, երբ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմության անդամները հանում են իրենց թեկնածությունը հօգուտ «Վրացական երազանք»-ի։
Մասնավորապես՝ «Լելո» կուսակցության Կղուլարիի, Առաջին Քեսալոյի, Կղիզիլաջլոյի և Զեստափոնիի մեծամասնական թեկնածուները հանել են իրենց թեկնածությունները.
Այս տեղեկությունը հաստատել էր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին, TV Pirveli-ի եթերում։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը գիտի, որ բազմաթիվ ընտրատեղամասերում կպարտվի, և որտեղ սպառնալիք է զգում, ճնշում է գործադրում թեկնածուների վրա։
«Մառնեուլիի երեք մեծամասնական թեկնածուներ դուրս եկան, և մենք ամբողջ օրը չկարողացանք կապվել նրանց հետ։ Մեր տեղեկություններով` նրանք պարզապես բացակայելու էին մի քանի օրով», — ասել է Էլիսաշվիլին։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ թեկնածուների անունները կմնան քվեաթերթիկում, քանի որ թեկնածությունները հանելու վերջնաժամկետը լրացել է։
«Իրականում նրանք չեն կարող հանել իրենց թեկնածությունները, քանի որ դրա ժամկետն անցել է։ Ովքեր ասում են, որ ես հանել եմ իմ թեկնածությունը «Վրացական երազանք»-ի օգտին, չեն կարող հանել այլևս. նրանք հնարավորություն ունեին հանելու իրենց թեկնածությունները մինչև սեպտեմբերի 18-ը։ Նրանք կմնան քվեաթերթիկներում»։
Սեպտեմբերի 22-ին «Լելո»-ի Բոլնիսիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ասեֆ Չիրագովը նույնպես հանեց թեկնածությունը հօգուտ իշխող կուսակցության։ Իր որոշման մասին գրառման մեջ նա նշել է, որ «համոզված է», որ իր «ռեսուրսները» և «անկեղծ ցանկությունն» օգտագործվում են քաղաքական շահերի համար։
«Ցավոք, համոզվեցի, որ կոնկրետ մարդիկ փորձում են օգտագործել իմ ռեսուրսներն ու անկեղծ ցանկությունը որպես գործիք՝ իրենց քաղաքական շահերը բավարարելու համար։ Նաև համոզվեցի, որ «Վրացական երազանք»-ի թեկնածու պարոն Զամուր Չիտանավան, հաղթանակից հետո, իսկապես կպաշտպանի Բոլնիսիի զարգացման և քաղաքապետարանի բնակչության շահերը», — նշել էր քաղաքապետի նախկին թեկնածուն։
Բոլնիսիում «Վրացական երազանք»-ի թեկնածուն Զամուր Չիտանավան է։ Ի տարբերություն Քվեմո Քարթլիի մյուս համայնքների, Բոլնիսիում իշխող կուսակցությունը չի առաջադրել քաղաքապետի պաշտոնակատար թեկնածու։
Ասեֆ Չիրագովի այս որոշումից հետո «Վրացական երազանք»-ը Բոլնիսիում մրցակից չի ունենա։
Ընդհանուր առմամբ, 64 համայնքներից 20-ից ավելի համայնքներում «Վրացական երազանք»-ի առաջադրած քաղաքապետի թեկնածուները մրցակիցներ չունեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
«Լելո — Ուժեղ Վրաստան» և «Գախարիա Վրաստանի համար» կուսակցություններն արդեն քաղաքապետի թեկնածուներ չունեն 29 համայնքներում։
Նշենք նաև, որ «Լելո-Ուժեղ Վրաստան»-ը սեպտեմբերի 29-ին այս թեմային առնչվող աուդիոձայնագրություն հրապարակեց, որում, ըստ նրանց, լսվում է, թե ինչպես է իրենց մեծամասնական թեկնածուի դեմ ճնշում գործադրվել։
«Մենք ունենք արձանագրություն, որը հաստատում է, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորներից մեկը հետ է կանչել իր թեկնածությունը՝ ճնշումների, բռնության, սպառնալիքների և կաշառակերության փորձերի հետևանքով»,- հայտարարել է «Լելո — Ուժեղ Վրաստան» և «Գախարիան՝ Վրաստանի համար»-ի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել «Լելո»-ի հրապարակած աուդիոձայնագրության վերաբերյալ։
InterpressNews-ին գործակալությունից հայտնել են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածով։
«Կկատարվեն բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները։ Հետաքննության շրջանակներում կհարցաքննվի աուդիոձայնագրությունում հայտնված անձը», — հաղորդել են դատախազությունից։
Ընդդիմության ներկայացուցիչների թեկնածությունները հօգուտ «Վրացական երազանք»-ի հանելու փաստը հասարակության շրջանում քննարկման առիթ է դարձել։ Փորձագետները և քաղհասարակության որոշ անդամներ այս փաստը «շարունակվող ճնշումների ալիք» են որակում, ոմանք էլ ընդգծում են, որ դա ընդդիմության թերի աշխատանքի և անհետևողականության հետևանք է։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ ընտրություններից առաջ ընդդիմությանը ճնշելու գործընթացին հաճախ ներգրավվում է ողջ կառավարական ապարատը.
«Սա սովորական ճնշում է ընդդիմության նկատմամբ, որը շարունակվում է ինչպես նախկինում՝ ուղղակի կամ անուղղակի կերպով։ Ցավոք, այս գործընթացին հաճախ ներգրավվում է ողջ կառավարական ապարատը՝ Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ), ոստիկանությունը, կառավարության այլ մարմիններ, և ընդդիմադիր թեկնածուները ստիպված են լինում վաղաժամկետ դուրս գալ քարոզարշավից»,- նշեց հանրային նախկին պաշտպանը։
Լրագրող, «Նանուկա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Նանուկա Ժորժոլիանին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեզ ծաղրո՞ւմ են։ Նրանք (նկատի ունի ընդդիմության առաջնորդներին — հեղ.) դեռ չեն կարողացել թեկնածուներ առաջադրել շրջաններում, մարդիկ չեն գտել, իսկ որտեղ առաջադրել են, հանում են իրենց թեկնածությունները «Վրացական երազանք»-ի օգտին։
Սա ռուսական ընտրություն չէ, սա ռուսական ավազակային ներկայացում է»,-գրել է նա։
Հատկանշական է, որ Վրաստանի հինգերորդ նախագահ, նաև դիմադրության շարժման առաջնորդներից Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններին մասնակցությունը համարում է «ժամանակի վատնում», որը «խեղաթյուրել է ընդդիմությանը և թուլացրել բողոքի ցույցերը»։
Հիշեցնենք. ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը և «Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Համաձայնագրի նախնական սկզբունքները ենթադրում էին քաղաքական միավորումների համակարգում և համագործակցություն 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտարարությունից հետո կոալիցիայի որոշ անդամներ լքեցին իրենց պաշտոնները։
Երկու խոշոր քաղաքական կուսակցություն՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր կուսակցությունների շարքում ունեին համեմատաբար լավ արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները։ Պատճառն այն է, որ նրանք հրաժարվել են մասնակցել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։