Ջեյմս Մակլիրին՝ Վրաստանում տիրող իրավիճակի մասին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ջեյմս Մակլիրին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին դատապարտել է Վրաստանում «Վրացական երազանք»-ի կառավարության ձեռնարկած հակաժողովրդավարական քայլերը։

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը տեղյակ է Վրաստանի քաղաքական իրավիճակին։

Մակլիրին նաև անդրադարձել է Բիձինա Իվանիշվիլիին՝ զգուշացնելով նրան` եթե չի ցանկանում տուժել Լոնդոնի պատժամիջոցներից, ապա իր կառավարությունը պետք է դադարեցնի ավտորիտարիզմի ուղղությամբ շարժվելը և ձեռնարկի մի շարք եվրոպամետ քայլեր։

«Իմ խորհրդարանական գործընկերների հետ մենք բավականին շատ ենք խոսել և քննարկել այն իրավիճակը, որում հայտնվել է Վրաստանը։ Ներկայիս իրավիճակն անընդունելի է, բրիտանական կառավարությունը գիտակցում է դա։ Ինչպես շատերդ հավանաբար գիտեք, Մեծ Բրիտանիան վերջերս պատժամիջոցներ է կիրառել Վրաստանում որոշակի անձանց նկատմամբ այն գործողությունների համար, որոնց մենք ականատես ենք լինում։ Ընդդիմության առաջնորդների, առաջատար լրագրողների ձերբակալությունն անընդունելի է, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ես լիովին և անվերապահորեն դատապարտում եմ սա»,- ընդգծել է նա։

Խորհրդարանականը նշել է, որ եթե իրավիճակը չհարթվի, նոր պատժամիջոցներն անխուսափելի կլինեն, նաև կրկին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին և լրագրողներին, թույլ տալ վրաց ժողովրդին ընտրել իր ապագան, անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ։