Վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Վրաստանի քաղաքացու սպանությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությանը: Վարչապետի գնահատմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերի կատարած սպանությունը ցույց է տալիս օկուպացիայի ծանր հետևանքները։

Նա միջազգային հանրությանն արձագանքելու կոչ է արել: Ըստ նրա՝ «միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է այդ տարածքում անվտանգության դժվարին իրավիճակի մասին և վկայում օկուպացիայի ծանր հետևանքների մասին, և այդ խնդրով, ցավոք, վրացական իշխանությունների հետ միասին, պետք է զբաղվեն նաև քաղաքացիական անձինք»:

«Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում՝ Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները` ապօրինի ձերբակալման փորձի ժամանակ, կրակոցով Վրաստանի քաղաքացու են սպանել:

Ցավակցում եմ հանգուցյալի ընտանիքի անդամներին և հարազատներին այս ծանրագույն ողբերգության համար։ Պետությունն այս դժվարին պահին նրանց կողքին է»,- նշել է վարչապետն ու հավելել՝ «նշված միջադեպի կապակցությամբ գործարկվել են բոլոր համապատասխան մեխանիզմները, տեղեկացվել են միջազգային գործընկերները»:

Ըստ նրա՝ ակտիվ աշխատանքներ են տարվում օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի ևս մեկ քաղաքացու շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ. «Կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական ​​տալ և արձագանքել կատարվածին, կոչ ենք անում նաև օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար»:

Ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է սպանվել