Սահմանն ապօրինաբար հատելու համար Գիորգի Բաչիաշվիլին դատապարտվեց 4 տարի 6 ամիս ազատազրկման։
Դատավճիռը կայացրել է դատավոր Ջվեբե Նաչկղեբիան
Նշենք, Գիորգի Բաչիաշվիլին լքել էր երկիրը մինչ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից կրիպտոարժույթ հափշտակելու համար 11 տարի ազատազրկման դատապարտվելը։
Դատախազությունը Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրել սահմանն ապօրինաբար հատելու համար՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով։
Հիշեցնենք. Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) մայիսի 27-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, «2025 թվականի մայիսի 26-ին ՊԱԾ-ը անանուն հաղորդագրություն է ստացել, ըստ որի պարզվել է, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության երկքաղաքացիություն ունեցող, կարմիր շրջաբերականով հետախուզվող և դատապարտված Գիորգի Բաչիաշվիլին տեղաշարժվում է Կարմիր կամրջի և Սադախլոյի միջև գտնվող, այսպես կոչված, կանաչ սահմանի հատվածի մոտ»:
ՊԱԾ-ի հաղորդմամբ, Բաչիաշվիլին ձերբակալվել է «հետաքննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»։
Բաչիաշվիլին գաղտնի լքել էր Վրաստանը, և նրա գտնվելու վայրն անհայտ էր։
Իվանիշվիլիի հիմնադրած «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին ղեկավար Բաչիաշվիլիի դեմ գործը հարուցվել է 2023 թվականին՝ Իվանիշվիլիի հայցի հիման վրա։ Դատախազությունը Բաչիաշվիլիին մեղադրել է 39 մլն 215 հազար 820 դոլար կրիպտոարժույթի հափշտակության համար։ 2023 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց 2,5 միլիոն լարի գրավը։
2025 թվականի մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Բաչիաշվիլին լքել է Վրաստանը։ Դատախազությունը Բաչիաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարեց։