CMIS-ը հայտնում է մեդիայի դեմ ուղղված 434 միջադեպի մասին

Մեդիայի, տեղեկատվության և սոցիալական հետազոտությունների կենտրոնը (CMIS) հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում Վրաստանում գրանցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ ուղղված 434 միջադեպ։

Սրանք փաստեր են, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը։

Կազմակերպությունը նշել է, որ որոշ դեպքերում մեկ միջադեպի ընթացքում միաժամանակ գրանցվել են մի քանի տեսակի խախտումներ (օրինակ՝ ձերբակալություն և ֆիզիկական բռնություն)։

«Վրաստանի մեդիա միջավայրը գտնվում է կրիտիկական վիճակում։ Վերջին մեկ տարվա ընթացքում անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ կատարվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են՝ ֆիզիկական բռնությունը, անօրինական կալանքը, հարցաքննությունը, նկարահանումների արգելքը, վարչական շենքեր մուտք գործելու արգելքը, անօրինական տուգանքները, բանավոր վիրավորանքները, սպառնալիքները և այլն։ Այսպիսի լայնածավալ խնդրի պայմաններում, սակայն, ոչ մի բռնարար, դրանց թվում՝ հրապարակայնորեն նույնականացված անձինք, պատասխանատվության չի ենթարկվել։ Այս տարվա օգոստոսի 6-ին «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Տեղական և միջազգային կազմակերպությունները կարծում են, որ Մզիա Ամաղլոբելին դատապարտվել է քաղաքական դրդապատճառներով, և պահանջում են նրա անհապաղ ազատ արձակումը»,- նշված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նշել է, որ անկախ լրատվամիջոցները և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները նաև դարձել են բռնաճնշող օրենսդրության թիրախ, «Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ կամ գործող օրենսդրության փոփոխություններ, որոնք սպառնում են անկախ լրատվամիջոցների կամ քաղաքացիական հատվածի գոյությանը։

Ըստ CMIS-ի՝ անցած տարվա ընթացքում գրանցված խախտումները ներառում են.

  • Քաղաքական դրդապատճառներով դատապարտում – 1 դեպք
  • Ֆիզիկական բռնություն և վնասվածք – 122 դեպք
  • Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն – 82 դեպք
  • Լրագրողների վնասվածք (ներառյալ քիմիական նյութերի օգտագործում հանրահավաքների ժամանակ) – 40 դեպք
  • Լրագրողական գործունեությանը անօրինական միջամտություն – 104 դեպք
  • Նկարահանման արգելք – 65 դեպք
  • Վարչական շենքեր մուտք գործելու արգելք – 18 դեպք
  • Հանրային միջոցառումներին ներկա լինելու մերժում – 9 դեպք
  • Դատական ​​նիստերից հեռացում – 9 դեպք
  • Հավատարմագրման կասեցում – 3 դեպք
  • Իրավական միջադեպ – 102 դեպք։