Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (PACE) տեղի կունենա Վրաստանի վերաբերյալ քննարկում։
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությունը Վրաստանում» թեմայով բանաձևը ներկայացնում են Վրաստանի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ժողովի (PACE) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Էդիթ Էստրելան (Պորտուգալիա) և Սաբինա Չուդիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։
PACE-ի կայքում հրապարակված բանաձևի նախագծի համաձայն՝ ժողովը խորապես մտահոգված է նրանով, որ «Վրաստանի իշխանությունը համակարգված կերպով անտեսում է իր մտահոգությունները և առաջարկությունները Վրաստանում ժողովրդավարական ճգնաժամի վերաբերյալ, որոնց համամիտ է նաև միջազգային հանրությունը»։
«Ժողովրդավարության արագ հետընթացը այնքան շարունակվեց, որ այժմ Վրաստանում ժողովրդավարության գոյությունը հարցականի տակ է», — նշված է բանաձևի նախագծում։
Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեան դատապարտում է Վրաստանի իշխանության ավելի ու ավելի մեկուսացնող քաղաքականությունը և հակամարտ հարաբերությունները եվրոպական կազմակերպությունների ու դրանց անդամ պետությունների հետ։ Նաև դատապարտում է անհիմն հարձակումները և մեղադրանքները Վրաստանում գործող միջազգային հանրության ներկայացուցիչների դեմ, որոնք վերջին ամիսներին ավելացել են։
Բանաձևի նախագծում Վրաստանում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների մասին ԵԽ ասամբլեան նշել է, որ անհանգստանում է, որ անտեսվել է իր կոչը՝ ժողովրդավարական ընտրությունների համար բարենպաստ ընտրական միջավայր ստեղծելու ներառական գործընթացի վերաբերյալ։
Ասամբլեան խորապես անհանգստացած է Վրաստանում ժողովրդավարության հետընթացով։ Դատապարտում է ընդդիմության և լրագրողների դեմ ուղղված ճնշումները, քաղաքական հետապնդումները և քաղաքացիական հասարակության դեմ գործադրվող սահմանափակումները։ Քննադատվում են նաև վիճահարույց օրենքները («գործակալների», «դրամաշնորհների», «օտարերկրյա ազդեցության» մասին), որոնք խաթարում են եվրոպական արժեքներին համապատասխան պետական կառավարումը։
Ասամբլեան նաև դատապարտում է ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր արգելափակման փորձերը և կոչ անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել ժողովրդավարության քայքայումը՝ պատրաստակամություն հայտնելով երկխոսության։
Հիշեցնենք, որ ԵԽ վեհաժողովում Վրաստանի վերաբերյալ քննարկում տեղի է ունեցել հունիսի 26-ին։ Տարբեր երկրների պատգամավորներ խոսել են Վրաստանում ժողովրդավարական իրավիճակի կտրուկ վատթարացման շուրջ։ Շատ մասնակիցներ նշել են, որ եվրոպական պատկանելությունը ենթադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանություն, իսկ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը եվրոպական համայնքի անդամակցության նախապայման է։