Արդարադատության Գերագույն խորհրդի անդամ, դատավոր Դիմիտրի Գվրիտիշվիլիի պնդմամբ` Գերագույն դատարանի նախկին դատավոր Բեսարիոն Ալավիձեին «իր ղեկավարները» հրահանգել են զրպարտել դատական համակարգը՝ ընտրություններից առաջ խառնաշփոթ ստեղծելու համար։
Դիմիտրի Գվրիտիշվիլին Ֆեյսբուքում ծավալուն գրառում է հրապարակել Բեսարիոն Ալավիձեի մասին այն բանից հետո, երբ փաստաբան Կախա Ցիկարիշվիլին հոկտեմբերի 2-ին տեսանյութ հրապարակեց, որում Ալավիձեն խոսում է մի քանի աղմկահարույց գործերի մասին։ Դրանց թվում է նաև «Ռուսթավի 2»-ի գործը։
Դիմիտրի Գվրիտիշվիլիին հասարակական կազմակերպությունները համարում են, այսպես կոչված, դատավորների կլանի անդամ, սակայն դատավորները հերքում են, որ դատարանում «կլան» կա։
Դիմիտրի Գվրիտիշվիլին Բեսարիոն Ալավիձեին անվանել է «Վրացական երազանք»-ի դեմ հանդես եկող քաղաքական ակտիվիստ և ասել է, որ նա համաձայնել է դառնալ նախկին գործընկերների դեմ զրպարտչական արշավի խոսափող անձնական դժգոհությունների և անօրինականորեն խոստացված շահի դիմաց։
Հիշեցնենք, որ Գերագույն դատարանի նախկին դատավոր Բեսարիոն Ալավիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն սպառնացել են «ուղեղը շաղ տալ», եթե «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով չկայացնի Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանք»-ի կառավարության ցանկալի որոշումը: