Կրոնի հարցերով գործակալությունը շնորհավորում է հայ եկեղեցուն

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Տոնը նշվում է Սուրբ Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը:

«Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխական համայնքին Համբարձման տոնի առթիվ` մաղթելով խաղաղություն և հաջողություն», — գրված է գործակալության հայտարարության մեջ:

Հայաստանում Համբարձման տոնը նաև ժողովրդական ծիսակատարություններով է նշվում. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը երիտասարդները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի, խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Համբարձման տոնի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկոսական աթոռի տեղափոխությունը Կիլիկիայից Սուրբ Էջմիածին։ Պատարագի ավարտին կատարվում է հայրապետական մաղթանք։