«Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատժամիջոցների ենթարկված Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է ընտրություններին. նա ընտրատեղամաս է ժամանել ընտանիքի հետ՝ մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Իվանիշվիլին ընտրատեղամաս է ժամանել կնոջ՝ Եկատերինե Խվեդելիձեի և որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի հետ։
Հարկ է նշել, որ ընտրատեղամասի տարածքը, որտեղ պետք է քվեարկեր «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը, մի քանի ժամ առաջ շրջապատել է ոստիկանությունը։
Քվեարկությունից հետո նա մեկնաբանել է ընթացքը` գովաբանելով կուսակցության գործունեությունը, սակայն լրագրողների հարցերին չի պատասխանել։
«Այսօր մեր երկրի վերջին պատմության մեջ ևս մեկ կարևոր օր է՝ ազատ ընտրություններ, որոնք վերջին ժամանակներում Վրաստանում անդադար տեղի են ունենում, այսօր էլ այդպիսի հետաքրքիր և շատ կարևոր ընտրություններից մեկն է։ «Վրացական երազանք» կուսակցությունը` մեր կուսակցությունը, թույլ է տվել հասարակությանը կատարել ազատ ընտրություն, ինչպես որ վերջին տարիներին մեզ հաջողվել է հաստատել խոսքի ազատություն, ազատ բիզնես և ազատ կյանք»,- ասել է Իվանիշվիլին։
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո — Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։