Թբիլիսիի 104 հանրային դպրոցի սաներն այցելել են Երևան

2023 թվականի մարտին Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում սեպտեմբերի 11-14-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Թբիլիսիի համար 104 դպրոցի մի խումբ աշակերտների անդրանիկ այցը Երևան, գրում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Այցի ընթացքում երեխաները երեք օր մասնակցել են համար 51 հիմնական դպրոցում անցկացվող դասընթացներին, այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, «Թումո» ուսումնական կենտրոն, Եռաբլուր պանթեոն։

«Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի տնօրինությունը դպրոցականների համար կազմակերպել էր հարուստ մշակութային ծրագիր՝ այցելություն Մատենադարան, Փարաջանովի տուն-թանգարան, Սուրբ Սարգիս եկեղեցի, Թումոյի այգում «Անուշ» օպերայի դիտում՝ «Օպերա բաց երկնքի տակ» ծրագրի շրջանակներում։

Շնորհակալություն ենք հայտնում Երևանի համար 51 հիմնական դպրոցի տնօրինությանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ այցի կազմակերպմանը աջակցելու համար, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք հյուրընկալել էին Թբիլիսիից ժամանած հյուրերին»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: