Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ստորեւ ներկայացնում ենք Վիրահայոց թեմի պաշտոնական հրապարակումը, Ջավախքի  եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն եպիսկոպոս Սալբիյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ.

2017 թվականի հոկտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով: Ժողովը նախագահել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Տերունական աղոթքից հետո բացվեց ժողովը, որի օրակարգում քննարկման էր դրված երկու հարց.

ա) Փոխանորդությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխություններ,

բ) Սամցխե-Ջավախքում և Ծալկայում ծառայող եկեղեցականների և աշխատակազմի գործունեությունը՝ ըստ այդ փոփոխություների:

Սրբազան Հայրը ժողովականներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու սերը, ով իր մնայուն ուշադրության կենտրոնում է պահում Վիրահայոց թեմի և ի մասնավորի՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխանորդության գործունեությունը՝ դրսևորելով սրտացավություն և հոգածություն: Սրբազան Հայրը ներկայացրեց թեմի կառավարման նոր կառուցվածքը, առաջնորդարանի և հովվությունների կրթամշակութային և երիտասարդական կենտորոնների համակարգված գործունեությունը, ինչպես նաև դրանց համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերը: Նա հորդորեց եկեղեցիների բակերում, եկեղեցական ու ժողովրդական տոների առիթով կազմակերպել հանդիսույթուններ՝ ընդգրկելով հասարակական լայն զանգվածների:

Թեմակալ առաջնորդը մեծ կարևորություն տվեց եկեղեցում կատարվող կանոնական ժամերգություններին, Սուրբ Պատարագի և ծեսերի՝ արարողակարգերի հանդիսավոր կատարմանը: Կրթամշակութային և երիտասարդական կառույցների պաշտոնեությանը հանձնարարեց թեմի բոլոր կենտրոնների հետ համագործակցաբար կյանքի կոչել բազմաբնույթ միջոցառումներ:22906570

Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգևոր դասին և պաշտոնեությանը իրազեկեց, որ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Սրբազան Հայրը դրական գնահատեց Բաբգէն վարդապետի տասնվեց տարիների ծառայությունը տեղում և հույս հայտնեց, որ նոր ծառայության վայրում Հոգեշնորհ Հայր Սուրբը Ջավախքում ամբարած փորձով առավել արդյունավետ գործունեություն կծավալի՝ ի շահ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Ժողովի ավարտին Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր գնահատանքն ու երախտիքը հայտնեց Թեմակալ Առաջնորդին, հոգևոր դասին և պաշտոնեությանը՝ տարիների համատեղ քրտնաջան ծառայության համար և, որպես Մայր Աթոռի միաբան, հավաստիացրեց, որ նոր ծառայության վայրում կշարունակի իր հոգևոր գործունեությունը նույն եռանդով ու նվիրումով:

Նյութն ամբողջությամբ արտատպել է Վիրահայոց թեմի պաշտոնական կայքից՝ armenianchurch.ge

Թողնել պատասխան