Ընտրողների ակտիվությունը ժամը 10:00-ի դրությամբ

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ (ԿԸՀ), ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմում է 275 հազար 948 ընտրող, ինչը կազմում է 7.85%: Ամենաշատ ընտրողների թիվը այս պահի դրությամբ գրանցվել է Ռաճա-Լեչխումիում: 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում էր 259 հազար 273, որը 7.41%-ն էր:

Հիշեցնենք, ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, և սկսվել է  քվեարկության գործընթացը։ Ընտրատեղամաս այցելելիս քվեարկողը պետք է ունենա ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր։ Այսօրվա ընտրությունների միջոցով քաղաքացիները կընտրեն 64 քաղաքային խորհուրդների 2058 անդամների և 64 քաղաքապետերի։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ երկրում բացվել է 3061 ընտրատեղամաս, որոնցից 2284-ում ընտրությունները կընթանան էլեկտրոնային եղանակով, իսկ 777-ում՝ ավանդական եղանակով։

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։