Պարտադիր պատվաստման հարցը նոյեմբերին լուծում կստանա. Գամկղրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում կստանա նոյեմբերին։

Երկրի գլխավոր վարակաբանը վստահեցրել է, որ որոշումը կակտիվացնի պատվաստման գործընթացը

«Երբ գնում ենք գյուղեր, մեզ ասում են, եթե պարտադիր լինի, կպատվաստվենք, եթե ոչ՝ ոչ։  Կարծում եմ՝ հարցը կորոշվի նոյեմբերին։ Հնարավոր է՝ պատվաստումը մի կողմից պարտադիր դառնա որոշ խմբերի համար, մյուս կողմից էլ չպատվաստվածների համար կգործեն սահմանափակումներ»։

Գամկղրելիձեի խոսքով, բնակչության 35-37% -ը կարող է պատվաստվել կամավոր կերպով, սակայն պատվաստման տեմպն ակտիվ պահելը դժվար կլինի, եթե տարբեր մեխանիզմներ չկիրառվեն։ 

Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ բացառել է պարտադիր պատվաստումները՝ նշելով, որ քաղաքացիներին ուղղակի պետք է համոզել։

Վրաստանում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն է, այս պահի դրությամբ ամբողջությամբ պատվաստված է բնակչության ավելի քան 32%-ը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր