ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Մելիք Ռայիսյան. Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու

«Ալիք Մեդիան» Վրաստանում հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ զրուցել է Վրաստանի էթնիկ հայերով բնակեցված մունիցիպալիտետների քաղաքապետերի թեկնածուների հետ՝ ընտրողին նրանց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնելու նպատակով:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռայիսյան 

60-ամյա Ռայիսյանը երեք անգամ եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր` երկու անգամ «Վրաստանի քաղաքացիների միության» կողմից, մեկ անգամ ՝ 2004-2008 թվականներին` ընդդիմադիր «Միացյալ ազգային  շարժման»: Այնուհետև, Ռայիսյանի խոսքով հատուկ ծառայությունների վերահսկման առումով ՄԱՇ-ի վարած քաղաքականության պատճառով, հեռացել է կուսակցությունից ու հայտնվել քաղաքական հետապնդման մեջ, այդ ընթացքում եղել է Հայաստանում: Վրաստան վերադառնալով 2012 թվականին միացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը:

Ռայիսյանը նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ներկայանում էր կրկին ՄԱՇ-ի անունից, մասնակցում էր որպես մեծամասնական  պատգամավորի թեկնածու:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում նա ասում է, որ ՄԱՇ-ի ստեղծած հատուկ ծառայությունների վերահսկման համակարգը կարող է վերացնել հենց այն կուսակցությունը, որը ստեղծել է այն՝ «Միացյալ ազգային շարժումը»:

Ռայիսյանը հարցին, թե ինչու է պայքարում քաղաքապետի պաշտոնի համար, ասում է՝ «Ո՞վ, եթե ոչ ես: 30 տարի է քաղաքականության մեջ եմ»:

«Ջավախքում բացի մեր կուսակցությունից, բոլորը պետական անվտանգության ծառայության գործակալներ են: Այն խառնաշփոթը, որ հիմա տեղի է ունենում Ջավախքում, ոչ միայն հայ-վրացական, այլևս Վրաստանի պետականության դեմ է: Ողջ երկրում ոստիկանության շենքերը թափանցիկ են, միայն մեզ մոտ են պատված պարիսպներով»,- ասում է Ռայիսյանն ու գտնում, որ քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հերթին իր անելիքներից մեկը հենց այս շենքի վերափոխումն է` թե’ դրսից, թե’ ներսից:

Գնահատելով նախընտրական միջավայրն իր մունիցիպալիտետում, Ռայիսյանն ընդգծեց օգոստոսին գործարարների կողմից Ախալցիխեում «Վրացական երազանքին» մեծ քանակով գումար նվիրաբերելու փաստը:

«Բացի այս, մեր ցուցակի ներկայացուցիչների վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում, ցուցակի յոթ թեկնածու դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով`իրենց մասնակցությունը չեղարկելու համար: Ինչու՞ պետք է դա տեղի ունենար, Ախալքալաքում այս պահին չունենք կուսակցական ցուցակ: Ես խոսել եմ բոլորի հետ, հետաքրքրվել, թե ինչու են նրանք հեռանում, և նրանք պատասխանեցին, որ իրենց վախեցրել են, սպառնացել հարազատներն ու մտերիմներին»:

Ռայիսյանը մունիցիպալիտետի ամենամեծ խնդիր է համարում ՊԱԾ-ի վերահսկողությունը:

«Ամեն բան իրենք են կարգավորում: Տենդերներում ոչ մի տեղական գործարար չի հաղթում, իսկ հողերը բաժանում են իրար մեջ, սրա վառ օրինակ է զինվորական «գարադոկը», որի տարածքը կիսեցին իրար մեջ»,- ասում է Ռայիսյանը:

Ռայիսյանի խոսքով, տարածքում ամենակարևոր ռեսուրսը, որ չի կիրառվում, մարդկային ռեսուրսն է՝ արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց, ովքեր կարող են լավ ներդրումներ անել հայրենի գյուղերում, սակայն այս պահին էլ, ըստ իր խոսքի` ՊԱԾ-ը խոչընդոտում է նման ներդրումներին, ու սահմանափակվում են մատուռ կամ եկեղեցի կառուցելով:

Նշենք, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: