Ստորագրահավաք` գլխավոր դատախազին պաշտոնից ազատելու պահանջով

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականի պահանջով ստորագություններ է հավաքում: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Բաքրաձեն:

Նրա խոսքերով` «Ցիանիդի գործի» վերաբերյալ Շոթաձեն պետք է  քաղաքական պատասխանատվություն կրի:
 
«Բարձրաստիճան քաղաքական գործիչները, ում վերաբերում է այս գործը, անպայման պետք է պատասխանատվություն կրեն: Երբ հարցը վերաբերում է ամենահեղինակավոր ինստիտուտին` վրաց եկեղեցուն և ամենահարգված ու սիրված մարդուն` պատրիարքին, և եթե պատասխանատվություն չենթարկվեն, ուրեմն կարող ենք համարել, որ մենք այլևս պետությունում չենք ապրում: Այդ իսկ պատճառով, մենք բարձրացնում ենք գլխավոր դատախազին պատասխանատվության ենթարկելու հարցը, ում անմիտ հայտարարությունները երկիրը շփոթության մեջ են գցել:
 
 Շոթաձեի հրաժարականի պահանջով կդիմենք ոչ միայն խորհրդարանական փոքրամասնության, այլ նաև մեծամասնության այն անդամներին, ում համար առողջ միտքը, վրացական պետությունը, վրաց եկեղեցու հեղինակությունն ավելի կարևոր են, քան «Վրացական երազանքի» առաջնորդները»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի դատախազությունը ձերբակալել էր Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Գիորգի Մամալաձեին, ով մեղադրվում էր մեկ այլ բարձրաստիճան հոգևորականին` նատրիումի ցիանիդով թունավորելու փորձի մեջ:

Թողնել պատասխան