Թբիլիսիում նշվել է Սպենդիարյանի 150-ամյակը

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի ունեցավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և թիֆլիսյան առաջին այցի 105-ամյակին նվիրված միջոցառում։

Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ Վիրահայոց թեմը տարեսկզբին է թբիլիսյան միջոցառումների մասին առաջարկն ստացել․


«Ստանալով մեր թեմակալ առաջնորդի համաձայնությունն ու օրհնությունը, սկսեցինք ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ կազմակերպչական աշխատանքները։ Հոբելյանական միջոցառումների շարքն ընդգրկուն էր, նախատեսվում էր համերգային ծրագիր անցկացնել նաև կոնսերվատորիայի սրահում, բայց համավարակի այսօրվա պայմաններում իրականացրինք ոչ բոլորը»։

Երկօրյա ծրագրի ընթացքում հնչեցին Սպենդիարյանի ստեղծագործություններից, բանախոսությամբ հանդես եկան հայ և վրացի գործիչներ։

Անդրադարձ եղավ նաև Սպենդիարյանի Թիֆլիս առաջին այցին, վրաց մտավորականության ջերմ ընդունելությանը, ստացած տպավորություններին։ Կոմպոզիտորի ծանոթությունը վրաց դասական երաժշտության հիմնադիր Զաքարիա Փալիաշվիլիի հետ սերտ համագործակցության էր վերածվել։ 1916-ին Թիֆլիսում է կայացել նաև Սպենդիարյանի և Թումանյանի պատմական հանդիպումը․ Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմով ոգեշնչված Սպենդիարյանը գրել է «Ալմաստ» օպերան։

«Սպենդիարյանը 105 տարի առաջ, երբ առաջին անգամ այցելեց Վրաստան, կնոջը գրած նամակում ասել էր՝ կուշանամ, որովհետև այստեղ շատ հրավերներ ունեմ, որոնք չեմ կարող մերժել, քանի որ հյուրն այստեղ սրբություն է․․․»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Ի դեպ, այս կարևոր հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում, Վրաստանն էլ իր աջակցությունն է ունեցել այդ որոշման մեջ։

«Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրով թբիլիսյան միջոցառումների ծրագիրն իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի։

Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր