«Լելո — Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մասնակցել է ընտրություններին: Նա ընտրատեղամաս է ժամանել քիչ առաջ։
Ընդդիմության առաջնորդը նշել է, որ քվեարկել է այն քաղաքների և գյուղերի ազատագրման համար, որոնք իրականում պատկանում են վրաց ժողովրդին։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին ակտիվ լինել։
«Նախևառաջ ուզում եմ ասել ձեզ, որ շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները տեր կանգնեն իրենց սահմանադրական իրավունքին և չտան իրենց ձայնը այն ուժին, որը զրկել է երկիրը ազատ ընտրության հնարավորությունից, զրկել է մեր եվրոպական ընտրությունից և երկիրը մղել է հանցավոր ու կոռումպացված ճահճի մեջ։ Ես այսօր քվեարկել եմ այն քաղաքների և գյուղերի, այն մունիցիպալիտետների ազատագրման համար, որոնք իրականում պատկանում են վրաց ժողովրդին և չեն պատկանում այն ավազակախմբին, որը փոխել է մեր պատմական ընտրության ուղին»,- լրագրողներին ասել է Խազարաձեն։
Մամուկա Խազարաձեն նաև զգուշացրել է «Վրացական երազանք»-ին` չկիրառել բռնություն քաղաքացիների նկատմամբ։