Հարձակում «Վրաստանի բանկ»-ի վրա. պատանդներ կան

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել Քութայիսիում «Վրաստանի բանկ»-ի (Bank of Georgia) մասնաճյուղի վրա ահաբեկչության մեղադրանքով զինված հարձակման փաստով։

ՆԳՆ-ը քաղաքացիներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։

ՆԳՆ–ի տեղեկություններով՝ «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղի շենքում այս պահին պատանդառվել է 12 մարդ։ Ըստ առկա տեղեկությունների՝ զինված անձը պահանջում է 2 մլն դոլար, և գումարը բերելու համար սահմանել է 3 ժամ:

«Օպերատիվ-հետախուզական գործողություններով պարզվել է, որ զինված անձը ներխուժել է Քութայիսիի Շոթա Ռուսթավելի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ և մի քանի հոգու պատանդ վերցրել՝ խոշոր չափի գումար ստանալու նպատակով: Իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց արագ և անվտանգ ազատ արձակելու համար»,- հայտնել է ՆԳՆ-ը:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 11։00-ի սահմաններում լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել զինված տղամարդու՝ «Վրաստանի բանկ»-ի ներխուժման մասին։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղը հարձակման է ենթարկվում։ Մինչ այժմ ձերբակալված չէ այն անձը, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում ներխուժել էր Զուգդիդիում գտնվող «Վրաստանի բանկ», պատանդ վերցրել 43 մարդու և տարել կես միլիոն դոլար։