«Լելո – Ուժեղ Վրաստան»-ի և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների Թբիլիսիի քաղաքապետի համատեղ թեկնածու Իրակլի Կուպրաձեն ասել է, որ խարդախության դեմ հիմնական ապահովագրությունը ժողովրդի բարձր ակտիվությունն է։ Ընտրությունը կատարելուց հետո նա մեկնաբանությամբ հանդես է եկել։
«Եթե չեք ցանկանում անցյալը, եթե ցանկանում եք մայրաքաղաքի ազատագրումը կոռուպցիայից, անարդարությունից, երկիրը՝ առանց քաղաքական բանտարկյալների, անօրինականության և անկարողության, ապա անպայման պետք է գնաք ընտրատեղամասեր և քվեարկեք Վրաստանի ապագայի օգտին։ Թբիլիսիի և ողջ Վրաստանի ճակատագիրը որոշում եք միայն դուք։
Ինչքան հնարավոր է շատ մարդիկ պետք է գնան ընտրատեղամաս։ Սա հենց այն երաշխիքն է, որ «Վրացական երազանք»-ի կողմից մանիպուլացիան կլինի շատ ավելի անարդյունավետ, քան այն դեպքում, եթե ընտրողները չգնան»,- ասում է Կուպրաձեն։
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։