ԿԸՀ-ի տվյալներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանում քվեարկել է 602 հազար 445 ընտրող, ինչը կազմում է Վրաստանում գրանցված ընտրողների 17,15 տոկոսը։
Այս ցուցանիշը 2021 թվականին կազմել է 619 հազար 562 ընտրող կամ 17,72 տոկոս։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրություններ են, և դրան համընթաց` ընդդիմության այն թևը, որը բոյկոտում է ընտրությունները, ժողովրդին կոչ է անում դուրս գալ փողոց։
Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։