Վրաստանում այսօր` հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման ընտրություններին (ՏԻՄ) զուգահեռ տեղի է ունենում բազմամարդ ցույց Թբիլիսիի կենտրոնում, Խորհրդարանի շենքի մոտ: Թբիլիսիի կենտրոնում իրավիճակն այս պահի դրությամբ լարված է:
ՏԻՄ ընտրություններ
Հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար երկրում բացվել է 3061 ընտրատեղամաս, այստեղից 2284-ում ընտրությունները անցկացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ 777-ում՝ ավանդական եղանակով։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ դրանց թվում են 10 բացառիկ ընտրատեղամասեր, որոնք բացվել են քրեակատարողական հիմնարկներում։
Ընտրատեղամասը կփակվի ժամը 20:00-ին։ Օրենքի համաձայն, այս ժամին հերթում կանգնած ընտրողները կարող են քվեարկել, որի համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը կգրանցի հերթում կանգնած ընտրողների անուն-ազգանունները, կտեղեկացնի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին նրանց թվի մասին, իսկ հանձնաժողովի քարտուղարը հերթում կանգնած ընտրողների թիվը կգրանցի գրանցամատյանում։
Հատկանշական է, որ համամասնական համակարգի շեմը բարձրացվել է մինչև 4% թե՛ Թբիլիսիում, թե՛ շրջաններում: Մեծամասնական ընտրակարգի անդամների թիվը զգալիորեն աճել է, իսկ համամասնական ընտրակարգով բաշխվող մանդատների թիվը՝ նվազել: Թբիլիսիի 50 անդամից բաղկացած քաղաքային խորհրդում մանդատները հավասարապես կբաշխվեն համամասնական և մեծամասնական կանոններով. մեծամասնական մանդատների թիվը 10-ից աճել է մինչև 25, իսկ համամասնական ընտրակարգով ընտրվածների թիվը 40-ից նվազել է մինչև 25։ Այլ ինքնավար քաղաքներում (Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Փոթի) խորհուրդների անդամների թիվը 35-ից նվազել է մինչև 25, որոնցից 10-ը՝ մեծամասնական ընտրակարգով (7-ի փոխարեն), իսկ 15-ը՝ համամասնական ընտրակարգով (28-ի փոխարեն)։
Վիճակագրությունը
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տրամադրած վերջին տվյալների համաձայն` ընտրողների ակտիվությունը զիջում է 2021 թվականի ակտիվությանը (41 տոկոս), ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 1 մլն 175 հազար 817 մարդ, այսինքն՝ 33,5 տոկոս։
Ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել էր 991 հազար 651 մարդ` 28.22 տոկոս։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ընտրողների թիվը կազմել էր 1 մլն 160 հազար 413՝ 33.18 տոկոս։
Ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը 602 հազար 445 էր` 17.15 տոկոս: 2021 թվականի ժամը 12:00-ի դրությամբ երկրում ընտրողների ակտիվությունը կազմել էր 619 հազար 562 մարդ, որը ընտրողների 17.72 տոկոսն է:
Ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմում էր 275 հազար 948 ընտրող` 7.85%: Ամենաշատ ընտրողների թիվը այս պահի դրությամբ գրանցվել է Ռաճա-Լեչխումիում: 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում էր 259 հազար 273` 7.41%:
Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, և սկսվել է քվեարկության գործընթացը։ Ընտրատեղամաս այցելելիս քվեարկողը պետք է ունենա ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր։ Այսօրվա ընտրությունների միջոցով քաղաքացիները կընտրեն 64 քաղաքային խորհուրդների 2058 անդամների և 64 քաղաքապետերի։
Երթ ԹՊՀ-ից, բողոքի ցույց
Ցուցարարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և որոշ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ պահանջելով քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում և «Վրացական երազանք»-ի կառավարության հրաժարականը։
Ցույցը մեկնարկեց 16:00-ից: Մինչ այդ` ժամը 15:00-ին Թբիլիսիի պետական համալսարանից (ԹՊՀ) մեկնարկեց ուսանողների երթը. նրանք շարժվեցին դեպի Ռուսթավելիի պողոտա: Այնուհետև քաղաքացիների մի հատվածը շարժվեց դեպի նախագահի նստավայր, և քաղաքացիները փորձեցին մտնել ներս: Դրան հաջորդեց ցույցը ցրելու գործընթացը:
Ոստիկաններն առավոտից մոբիլիզացված էին Ազատության հրապարակի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի մոտ, որտեղ տեղադրվել է հանրահավաքի գլխավոր բեմը:
Հիշեցնենք. այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։
Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։