Պապուաշվիլին քննադատել է ԵԽ պատգամավորների զեկույցը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է Եվրախորհրդարանի զեկույցը, որում հիշատակվում են Բիձինա Իվանիշվիլին, Միխեիլ Սաակաշվիլին, Նիկա Գվարամիան, Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը անառողջ փոխզիջման հետևանք է։

«Մեզ առաջարկում են բարերարին օլիգարխ անվանել, վրացական բանակը թալանելով օլիգարխ դարձած մարդուն անվանել մեդիա մենեջեր, վրաց ժողովրդին ճնշող համակարգի ստեղծող Միխեիլ Սաակաշվիլիին անվանել «ժողովրդավարության փարոս» և այլն։

Տխուր է, երբ տեսնում ես ռուսական քարոզչական մեթոդներով աշխատող եվրոպացի քաղաքական գործիչների։ Մեր վերաբերմունքը շատ պարզ է ու շիտակ՝ սպիտակը չի կարող դառնալ սև, իսկ սևը՝ սպիտակ», — ասել է խորհրդարանի նախագահը։