Ցույցը ցրում են. կիրառվեցին ջրցան մեքենաներ

Վրաստանում այսօր` հոկտեմբերի 4-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (ՏԻՄ) զուգահեռ տեղի է ունենում բազմամարդ ցույց Թբիլիսիի կենտրոնում. իրավիճակը լարված է:

Այն բանից հետո, երբ որոշ քաղաքացիներ փորձեցին ներխուժել նախագահի նստավայր, սկսվեց ցույցը ցրելու գործընթացը: Հատուկջոկատայինները կիրառեցին նախ պղպեղ սփրեյ, իսկ հետո` ջրցան մեքենաներ:

Հիշեցնենք. այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։

Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։

Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։