ՏԻՄ ընտրություններին քվեարկել է 1,438,116 քաղաքացի` 40.93%

ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանիի խոսքով՝ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 438 հազար 116 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 40.93%-ը։
Նրա խոսքով՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ և անվտանգ միջավայրում։
Ըստ Իոսելիանիի՝ օրվա ընթացքում ներկայացվել է 24 բողոք, որոնք հիմնականում վերաբերում են լուսանկարահանման և տեսանկարահանման օրենքների խախտումներին, ընտրատեղամասերի կազմակերպմանը, ընտրատեղամասից դուրս ընտրողների գրանցմանը և այլն։
«Ընտրական հանձնաժողովի անդամները շարունակում են աշխատել՝ ապահովելու համար, որ ընտրությունների արդյունքները հնարավորինս շուտ հայտնի դառնան հանրությանը», — ասել է խոսնակը:

Հիշեցնենք. այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։