Հոկտեմբերի 4-ի հանրահավաքի կապակցությամբ ևս 12 մարդ է ձերբակալվել

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով՝ հոկտեմբերի 4-ի հանրահավաքի հետ կապված հոկտեմբերի 8-ին ձերբակալվել է ևս 12 մարդ։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում են՝ Սաբա Կորձաիան, Զուրաբ Ճավճանիձեն, Կոտե Կոկաիան, Ալեքսանդրե Չիլաչավան, Լաշա Իվանաձեն և այլք։

«Հոկտեմբերի 4-ին ձերբակալված անձինք, հանրահավաքի կազմակերպիչների հետ միասին, ջարդել են Աթոնելիի վրա գտնվող նախագահական պալատի դարպասը և փորձել են ներխուժել պալատ», — ասել է Դարախվելիձեն։

Այս պահին նույն գործի հետ կապված ձերբակալված է 35 մարդ, այդ թվում՝ «Հոկտեմբերի 4-ի կազմակերպչական կոմիտեի» անդամներ։

Դատարանն արդեն քննարկել է 13 անձի նկատմամբ խափանման միջոցի հարցը և բոլորի նկատմամբ կալանավորման վճիռ է կայացրել։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։