Անհատների քաղաքական գործունեության արգելքը հակասահմանադրական է. GYLA

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի նախաձեռնությունը՝ արգելել անհատների քաղաքական գործունեությունը, հակասում է Վրաստանի Սահմանադրությանը։

GYLA-ի կարծիքով, կուսակցության հետ առնչվող անձանց քաղաքական գործունեության արգելքը «լիովին անորոշ և չարդարացված է» և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին (Միավորումների ազատություն)։ Այս հոդվածով, նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 22-րդ հոդվածով և Կոպենհագենի փաստաթղթի 7.6 կետով, ամրագրված է քաղաքական կուսակցություն ստեղծելու և դրանց անդամակցելու ազատությունը։

«Սեպտեմբերի 13-ին «Վրացական երազանք»-ը արագացված կարգով սկսեց օրենսդրական փաթեթի քննարկումը, որը նախատեսում է արգելել Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելված քաղաքական կուսակցության հետ կապված անձանց՝
* Զբաղվել կուսակցական գործունեությամբ (ներառյալ՝ կուսակցություն հիմնելը, կուսակցության ղեկավար պաշտոն զբաղեցնելը),
* Զբաղեցնել պետական-քաղաքական պաշտոններ,
* Մասնակցել ընտրություններին։

Հարկ է նշել, որ 2025 թվականի մայիսի 13-ին «Վրացական երազանք»-ն արդեն երրորդ ընթերցմամբ ընդունել էր օրենք, որը, իրենց խոսքով, ապահովելու է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության արգելումը։
«Վրացական երազանք»-ի նախաձեռնությամբ՝ «Սահմանադրության սկզբունքները խախտող քաղաքական կուսակցության հետ կապված անձինք» այլևս չեն կարող առաջադրվել խորհրդարանական կամ տեղական ընտրություններում, չեն կարող զբաղեցնել քաղաքական պաշտոններ։ Այս ամենից բացի, «այդ մարդիկ ընդհանրապես կհեռացվեն կուսակցական գործունեությունից»,- գրել է GYLA-ն։