Բնակչության ամսական միջին եկամուտը կազմել է գրեթե 1,6 մլն լարի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական եկամուտների (դրամական և ոչ դրամական միջոցների) ծավալը կազմել է 1 մլն 596,1 հազար լարի, ինչը 17,3 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի տվյալներով, մեկ տնային տնտեսության միջին ամսական եկամուտն աճել է 19 տոկոսով և կազմել 1 453,8 լարի, իսկ մեկ անձի հաշվով՝ 18,6 տոկոսով է աճել և կազմել 432,7 լարի։

«Ըստ հետազոտության արդյունքների՝ տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրը կանխիկ եկամուտներն ու փոխանցումներն են, որոնց տեսակարար կշիռը 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 0,9 տոկոսային կետով և կազմել 86,9 տոկոս։

Երկրի բնակչության ընդհանուր միջին ամսական եկամուտը քաղաքային բնակավայրերում աճել է 14,9 տոկոսով և կազմել 967,9 մլն լարի, իսկ գյուղական բնակավայրերում աճել է 21,4 տոկոսով և կազմել 628,1 մլն լարի»,- նշել են Geostat-ից:

Նույն տվյալների համաձայն, 2022 թվականին դրամական եկամուտների և տրանսֆերտների կառուցվածքում զգալի մասնաբաժին ունեն վարձու աշխատանքից ստացված եկամուտները, որոնց տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, աճել է 0,2 տոկոսային կետով և կազմել 46,1 տոկոս։ 2,2 տոկոսային կետով աճել է նաև ինքնազբաղվածությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը և հավասար է 12,4 տոկոսի։

Geostat-ը նշել է՝ թոշակներից, կրթաթոշակներից և սոցիալական օգնությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 21,6 տոկոս։