Միխեիլ Կղավելաշվիլին ստորագրել է նոր օրենսդրական փոփոխությունները

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ստորագրել է բողոքի ցույցերը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները խորհրդարանում քվեարկությունից մի քանի ժամ անց։ Սա նշանակում է, որ փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել։

Խորհրդարանը երեկ երրորդ ընթերցմամբ ընդունեց Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունները, որոնք սահմանափակում են ցուցարարների բողոքի արտահայտման ձևերը։

Ըստ փոփոխությունների՝ հանրահավաքի ժամանակ դեմքը ծածկելը, ճանապարհը փակելը, արցունքաբեր գազ ունենալը և մարդկանց կամ տրանսպորտի տեղաշարժին դիտավորյալ խոչընդոտելը կպատժվի մինչև 15 օր վարչական կալանքով։

Մինչև 60 օր ազատազրկում է նախատեսվում, եթե հանրահավաքի մասնակիցներն ունեն հրազեն, դյուրավառ նյութ, սառը զենք կամ հրավառ առարկա կամ նյութ, որն օգտագործվում է հանրահավաքի մասնակիցների կամ այլ անձանց առողջությանը վնաս հասցնելու համար։

Վերոնշյալ գործողությունները մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտելու դեպքում արարքը կպատժվի քրեական օրենքով։

Ոստիկանության պահանջին երրորդ անգամ չենթարկվելը նույնպես կպատժվի քրեական օրենքով։