Վրաստանյան հասարակական կազմակերպություններն անդրադարձել են խոսքի ազատությունը և բողոքի ակցիաները սահմանափակող օրենքներին, քաղաքացիների ձերբակալություններին։
Նրանց գնահատմամբ՝ փոփոխությունների նպատակն է սահմանափակել խոսքի ազատությունը, վախեցնել քաղաքացիներին և քրեականացնել բողոքի ակցիաները։
«Մենք արձագանքում ենք Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ «Վրացական երազանք»-ը քաղաքացիներին բերման է ենթարկում հավաքներին և ցույցերին մասնակցելու համար։ Ռեպրեսիվ փոփոխությունների ընդունումից ի վեր, այսինքն՝ հոկտեմբերի 17-ից, ձերբակալվել է առնվազն 70 ցուցարար։
Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է վարչական կալանքի։ Երեկ հանրահավաքին վարչական կարգով ձերբակալվել է 29 անձ, իսկ մեկ անձ՝ քրեական կարգով։ Վերոնշյալ անձանց վարչական կարգով ձերբակալումը կատարվում է վերջին օրերին ընդունված ռեպրեսիվ օրենքների համաձայն»,- գրել են ՀԿ-ները։
Նրանց գնահատմամբ՝ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք կանգնած են եղել մայթեզրին, ձերբակալվել են ապօրինաբար։
ՀԿ-ները նաև նշել են, որ ոչ մեկին տեղեկություն չի տրամադրվում կալանավորված անձի գտնվելու վայրի մասին, գործերը քննում են պատժամիջոցների ենթարկված դատավորները, իսկ փաստաբաններին հնարավորություն չի տրվում պատշաճ կերպով պատրաստվել։