Ձերբակալվել է քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը

Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Այս տեղեկությունը տարածել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Ծառայությունը հայտնել է, որ նույն գործով ձերբակալվել են նաև հիմնադրամի ծրագրի ղեկավարը և նույն ծառայության նախագծի ղեկավարը, որոնք լիովին համագործակցել են քննության հետ և դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ են արձակվել։

«Ինչպես արդեն հայտնի է հանրությանը, «Լագի Կապիտալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ձերբակալվել են քաղաքային զարգացման հիմնադրամից 30 մանկապարտեզի վերականգնման համար հատկացված 9 մլն 365 հազար 801 լարի խարդախությամբ յուրացման և 1 մլն 211 հազար լարիի չափով անօրինական եկամուտների օրինականացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի, 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 194-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, նաև 362-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որոնք նախատեսում են 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։

«Դեպքի քննությունն ինտենսիվորեն շարունակվում է հանցագործությանը մասնակցած այլ անձանց բացահայտելու և համապատասխան արձագանք տալու նպատակով», — հայտնել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից։