Ըստ Reuters գործակալության՝ Վրաստանը, որը մի ժամանակ համարվում էր Խորհրդային Միության ամենաժողովրդավարական և արևմտամետ երկիրը, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ընթանում է ավտորիտարիզմի ուղղությամբ և աստիճանաբար խորացնում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։
Գործակալության ընդգծմամբ՝ «մի քանի ընդդիմադիր առաջնորդներ բանտում են, իսկ ոստիկանությունը խստացրել է մեկ տարուց ավելի շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի դեմ պայքարը»։
Հրապարակման մեջ նշված է, որ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է «Վրացական երազանք»-ի մտադրության մասին՝ դիմել Սահմանադրական դատարան երեք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը արգելելու համար։ Տվյալ կուսակցություններն ունեն ընդգծված արևմտամետ կողմնորոշում։
Հիշեցնենք, որ խորհրդարանն արդեն ընդունել է օրենք, որը պարզեցնում է քաղաքական կուսակցությունների արգելման ընթացակարգը։
Ըստ Reuters-ի՝ սա վկայում է ԵՄ թեկնածու երկրում ավտորիտար միտումների կտրուկ սրացման մասին։