Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստից հետո Կոնգրեսի համազեկուցողներ Բերնդ Ֆորինգերը (Գերմանիա, EPP/CCE) և Ստյուարտ Դիքսոնը (Մեծ Բրիտանիա, ILDG) հայտարարություն են տարածել Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։
Կոնգրեսի համազեկուցողները դատապարտել են քաղաքական կուսակցություններն արգելելու «Վրացական երազանք» կուսակցության որոշումը և կոչ են արել չեղարկել նման գործողությունները։
Կոնգրեսի զեկուցողները նաև մտահոգություն են հայտնել Վրաստանում ժողովրդավարության հիմքերի աստիճանական քայքայման վերաբերյալ։
«Մենք խստորեն դատապարտում ենք երկրի երեք հիմնական ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու նպատակով Վրաստանի խորհրդարանի անդամների Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ կառավարման բոլոր մակարդակներում առանց քաղաքական բազմակարծության և արդյունավետ ընդդիմության։ Մենք մտահոգված ենք, որ վրացական ժողովրդավարության հիմքերն աստիճանաբար քայքայվում են»,- հայտարարել են համազեկուցողները։