Մանանա (Մանչո) Գիորգոբիանին ձերբակալվել է խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է մինչև 9 տարի ազատազրկմամբ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարվա նոյեմբերի 2-ի ուշ գիշերը մեղադրյալ Գիորգոբիանին վիրավորական արտահայտություն է արել սուպերմարկետի աշխատակիցներ՝ 2006 թվականին ծնված Թ.Մ.-ի և 2004 թվականին ծնված Է.Մ.-ի նկատմամբ, ապա կապ է հաստատել իր ծանոթ Ջ.Չ.-ի հետ, որը եկել է դեպքի վայր ուղեկցող անձանց հետ, և նրանք բռնի ուժով սուպերմարկետի երկու աշխատակիցներին հանել են դուրս և խմբով ֆիզիկական բռնության ենթարկել նրանց։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են հանցագործությանը ներգրավված բոլոր վեց անձանց ինքնությունը։ Փաստի կապակցությամբ շարունակվում են համապատասխան քննչական գործողություններ՝ հանցագործության մյուս կատարողների գտնվելու վայրը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ և 126-րդ հոդվածներով, որոնք տվյալ դեպքում վերաբերում են խմբակային բռնությանը և խմբակային բռնության կազմակերպմանը», — ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։
Մանչո Գիորգոբիանին լայն հանրությանը հայտնի դարձավ 2013 թվականին «La Truffe» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ինքն ու իր ուղեկիցները կռվի բռնվեցին ընդդիմադիր քաղգործիչ Նիկա Մելիայի և «Միացյալ ազգային շարժման» այլ առաջնորդների հետ։ Դրանից հետո Գիորգոբիանին տարիներ շարունակ ներկայանում է որպես «Վրացական երազանք»-ի համախոհ։ Երեկ Գիորգոբիանին սոցցանցում սպառնացել է «Վրացական երազանք»-ի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին, հետո ջնջել է գրառումը։